Արսեն Ջուլֆալակյան. «Գոտեմարտենք մաքուր, հաղթենք մաքուր»
«Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ սպորտում հոգեբանությունը շատ կարևոր է, սակայն ցանկացած մարզիկ առաջնահերթ պետք է լինի ինքն իր հոգեբանը:
«Ես հոգեբանական խնդիրներ չունեմ: Համարում եմ, որ ցանկացած մարզիկ նախ ինքը պետք է լինի իր հոգեբանը: Եթե գոտեմարտերի ժամանակ սկսես մտածել այլ բաների մասին, ապա կմատնվես անհաջողության: Ոչ ֆինանսները, ոչ ընտանիքը և, ընդհանրապես, ոչինչ չպետք է խանգարեն մարզիկին:
Ես նման դեպքի հետ առնչվել եմ իմ կարիերայի ընթացքում: Արդեն պատկերացնում էի, ինչպես եմ մեդալ նվաճում, ինչպես եմ գրկախառնվում մարզչիս հետ, ինչպես են բոլորն ինձ շնորհավորում: Արդյունքը եղավ այն, որ սկզբում հաղթելով խոշոր հաշվով` այնուհետև պարտվեցի»,- նշեց Ջուլֆալակյանը:
Ինչպես ասաց Արսենը, իր երազանքն է 2016թ. Ռիո Դե ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին պատվո պատվանդանի հարթակին կանգնել իր եղբոր հետ, ով ևս զբաղվում է ըմբշամարտով, սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել հասնել մեծ հաջողությունների:
«Երազում եմ եղբորս հետ կանգնել պատվո պատվանդանի հարթակին: Ամեն բան կանեմ, որպեսզի երազանքս իրականություն դառնա: Պարզապես եղբայրս շատ վնասվածքներ ունեցավ, ինչն էլ խանգարեց նրա հետագա առաջընթացին»,- ասաց Արսենը:
Խոսելով սպորտում առկա համար առաջին խնդրի` դոպինգի մասին, մեր օլիմպիական փոխչեմպիոնն ասաց հետևյալը.
«Ցանկացած մարզաձևում դոպինգային սկանդալներ լինում են: Այն միայն ուժ չէ, որ տալիս է մարզիկին: Ըմբշամարտում երևի թե ամենաքիչը կարելի է հանդիպել նման դեպքերի, թեև եղել է, որ մրցակիցս օգտագործել է: Եթե Լևոն Ջուլֆալակյանի մոտ խոսես քիմիայից, պարզապես կդառնաս նրա աչքի գրողը: Ես ևս չեմ ընդունում դա: Գոտեմարտենք մաքուր, հաղթենք մաքուր»,- հավելեց Արսենը:
Մեր մարզիկը նաև նշեց, որ արծաթե մեդալի արժանանալուց հետո իր խորհուրդներով օգտակար է եղել նաև մյուսներին:
«Ես դա իմ պարտականությունն եմ համարում: Հետաքրքիրն այն է, որ իմ գոտեմարից հետո մարզում էի անցկացնում Հովհաննես Վարդերեսյանի հետ: Արթուր Ալեքսանյանին ևս օգնել եմ խորհուրդներով: Սխալ է, երբ մարզիկը չի կիսվում իր փորձով: Ներկա եմ եղել մյուսների բոլոր գոտեմարտերին, բացառությամբ նրանց, որոնք մեկնաբանել եմ»,- ասաց Ջուլֆալակյանը:
Խոսելով ապագա ծրագրերի մասին` մեր ըմբիշը նշեց, որ նոյեմբերին կկայանա Հայաստանի առաջնությունը, որին կհետևի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան