Հայ ազգային կոնգրեսին ընդհանուր թեկնածու հարկավոր չէ՞
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից մեկ ընդհանուր թեկնածու ներկայացնելու խնդրին` «Голос Армении»-ն ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր դաշտն այդպես էլ չի կարողանա մեկ ընդհանուր թեկնածու ներկայացնել:
«Ծայրահեղ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի չհաջողված երկխոսությունը իշխող կոալիցիայի հետ, որից Տեր-Պետրոսյանը հրաժարվեց` հասկանալով, որ ՀՀ նախագահը չի պատրաստվում ընդդիմության հետ «քաղաքական առևտրի», ապա Հայաստանի համար մեկ օլիգարխի հետ սիրախաղը ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանը ոչ մի կերպ չի կարող լինել այն ուժեղ թեկնածուն, որի շուրջ կհամախմբվի ողջ ընդդիմությունը, իսկ այլ թեկնածուի սատարելու մասին Կոնգրեսը լսել անգամ չի ցանկանում»,-գրում է թերթը` հավելելով, որ ՀԱԿ-ի կազմում գտնվող կուսակցություններից մի քանիսը դեմ են Տեր-Պետրոսյանի խաղերին ԲՀԿ-ի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ. մասնավորապես` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը բնորոշել է որպես «անամոթություն»: Իսկ ահա ընդդիմադիր դաշտի այլ ակտիվ կուսակցություններն ի դեմս «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների»` որպես ընդհանուր ընդդիմադիր թեկնածու առաջարկում են Րաֆֆի Հովհաննիսյանին: