Աշտարակում խոսում են 15-16 թեկնածուների մասին. կառաջադրվի նաև մի ուսուցչուհի
«Արագածոտնի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խոստանում են թեժ լինել. այստեղ մի շարք համայնքներում՝ Աշտարակում, Բյուրականում, Ուջանում բուռն պայքար է սպասվում թեկնածուների միջև: Հարցին անդրադարձել է «Հրապարակը»:
Աշտարակ քաղաքում ընդհանրապես խոսում են 15-16 թեկնածուի մասին: Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է մի բարձր պաշտոնյայի վարորդի հետ, և հիմա համարում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի և կարող է քաղաքապետ դառնալ: Գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլևս չի առաջադրվելու:
Ասպարեզը բացվել է տարբեր թեկնածուների համար: Հատկապես ուշագրավ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը, ով աշխատում է Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել: Ինչպես ժամանակին պատգամավորական փոքրիկ ֆրակցիա ստեղծեց ապարանցիներից, այնպես էլ հիմա փորձում է համայնքապետերի թիմ ձևավորել:
Նրա թեկնածուն Աշտարակում, ըստ մեր տեղեկությունների, «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է՝ Ձորի Կարիկը, որն 90-ականներին եղել է քաղաքապետ և հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին»: