Եգիպտոսի նախագահը 33 տարի անց առաջին անգամ կմեկնի Իրան
Եգիպտոսի նախագահը 33 տարի անց առաջին անգամ կմեկնի Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսիին մոտ կանգնած «Ալ-շարղ ալ-ուասաթ» պարբերականը հայտնել է, որ Մուրսին Չինաստան կատարած այցից հետո կնեկնի Իրան՝ մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին:
«ՄԵՀՐ»-ի հաղորդմամբ, եթե Մուրսին մեկնի Թեհրան, ապա նա կլինի Եգիպտոսի առաջին նախագահը, ով Իրանի իսլամական հեղափոխությունից հետո (33 տարի անց) պաշտոնական այց կկատարի Իրան:
Նշենք, որ Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ., երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեց Քեմփ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Թեհրանի և Կահիրեի միջև հարաբարերությունների նոր էջ բացվեց. Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դեսպանություններ հիմնել, տեղի ունեցան պաշտոնական փոխայցելություններ: