«ԼՂՀ միջազգային ճանաչման անխուսափելիության մասին». Հայ դեսպանի հոդվածը` «Geopolitica»-ում
Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20-րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային և այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին:
Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետևողական քաղաքականության մասին: Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը:
ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը`
միևնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին` վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ և տևական հանգուցալուծումից:
Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից` պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մնացորդը` Ադրբեջանին ԼՂ-ի բռնակցմանը, մի կողմից քարոզել ժողովրդավարական արժեքային համակարգ, իսկ մյուս կողմից հավասար նժարի վրա դնել փոքր, սակայն ժողովրդավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի իրավունքները և էներգակիրներով հարուստ, սակայն բռնատիրական, Ադրբեջանի շահերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում