«Apple»-ը դարձել է պատմության ընթացքում ամենաթանկ ընկերությունը
Ամերիկյան համակարգչային տեխնիկա արտադրող «Apple» կորպորացիան շուկայական արժեքի նոր ռեկորդ է սահմանել: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, օգոստոսի 20-ին ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը պատմական առավելագույնին է հասել, իսկ շուկայական կապիտալիզացիան գնահատվել է 623 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է նավթային «Exxon Mobil» ընկերության կապիտալիզացիան, որը մոտ երկու անգամ զիջում է «Apple»-ին:
Հաղորդագրության համաձայն, նախորդ ռեկորդը 620,58 միլիարդ դոլար արժողությամբ պատկանում էր «Microsoft» կորպորացիային, որը աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսը կրում էր 1999 թ-ից: Վերլուծաբանների դիտարկմամբ, «Microsoft»-ն այնուհանդերձ, շարունակում է մնալ բացարձակ ռեկորդի հեղինակ, հաշվի առնելով ինֆլյացիան, քանի որ 1999 թ-ին ընկերության կապիտալիզացիայի ցուցանիշը ներկայումս կազմում է 850 միլիարդ դոլար:
«Apple» ընկերության բաժնետոմսերի թանկացումը բորսային վերլուծաբանները պայմանավորել են ընկերության արտադրության նոր սարքերի՝ մասնավորապես «iPhone 5» սմարթֆոնի և նոր մոդելի «iPad»-ի մոտալուտ թողարկմամբ: