Հանրապետական հիվանդանոցում լիքը արյուն կա. Փոխնախարար
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը հերքեց տարածված տեղեկությունները, թե Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Դիանա Սիրունյանին արյուն է անհրաժեշտ:
«Չկա նման բան: Ես էլ այդ հայտարարությունը կարդացի: Չկա նման խնդիր, կարիքը չկա դրա: Լիքը ունեն արյուն: Չգիտեմ` ով է անտեղի այդպիսի աժեոտաժ ստեղծում»,-ասաց փոխնախարարը:
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, թե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Դիանային մինչև ժամը 15-ը անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն: Նշված էր նաև հեռախոսահամար: Մեր զանգին պատասխանեց մի տղամարդ, հաստատեց, որ իսկապես աղջկան արյուն է պետք, ներկայացավ որպես Սուրեն Սիրունյանի ընկեր Սամվել:
«Ես էլ եմ խոսել: Հարցնում եմ, Ձեզ նման բան ո՞վ է ասել: Պատասխանում է` հիվանդանոցը: Ասում եմ, Ձեզ հիվանդանոցը չէր կարող նման բան ասել, որովհետև լիքը ունեն` և' արյուն ունեն, և' պլազմա ունեն, և' ալտումին ունեն, ամեն ինչ»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը Սուրեն Սիրունյանի աղջիկն է: Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին՝ հոր մահից հետո, ցած է նետվել հինգերորդ հարկից: Ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: