Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում. Հայտերի ընդունումն ավարտված է
Հայաստանում ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի հայտերի ընդունումը: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ բավականին շատ հայտեր են եղել, սակայն, հաշվի առնելով մրցույթի կանոնները, չափանիշները, պահանջները, միայն 20 երգ է ընտրվել:
Առաջիկա շաբաթվա ընթացքում 20-ից ընտրվելու են մոտավորապես 10 լավագույնները, ովքեր էլ կպայքարեն «Մանկական Եվրատեսիլ-2012» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար: Գ. Գասպարյանն ասաց, որ հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլը հավանաբար կլինի շոու ծրագիր, որի ընթացքում ժյուրին ու հեռուստադիտողը` 50/50 հարաբերկացությամբ, կընտրեն լավագույնին, ով էլ 6-րդ անգամ կներկայացնի Հայաստանը մանկական այս մրցույթում:
Նշենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը 12-րդ անգամ անցկացվելու է դեկտեմբերի 1-ին Ամստերդամում: Մրցույթին մասնակցելու է 11 երկիր` Ալբանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Բելառուս, Իսրայել, Մոլդովա, Ռուսաստան, Վրաստան, Շվեդիա, Ուկրաինա:
Մրցույթի կանոնների համաձայն` մասնակցելու իրավունք ունեն միայն 10-15 տարեկանները: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2,30-2,45 վայրկյան տևողությամբ: Երգը պետք է լինի մայրենի լեզվով, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը երգի խոսքերի 25%-ի չափով:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում