Голос Армении. «Հայամետ քաղաքականության կրողը գործող նախագահն է»
Անդրադառնալով օգոստոսի 22-ին Ծաղկաձորում ԲՀԿ երիտասարդական թեւի կողմից կազմակերպվող «Երիտասարդ Եվրասիա» միջազգային ֆորումի բացմանը` «Голос Армении»-ն նկատում է, որ այդ ֆորումն, իրականում, շատ քիչ է հետաքրքրում հայ երիտասարդությանը, ավելին` Հայաստանի քաղաքացիական հասարակության սեգմենտի ներկայացուցիչներն ավելի շատ հակված են արևմուտքի հետ համագործակցությանը:
Ըստ թերթի` առավել հետաքրքիր է այն փաստը, թե ինչպես Եվրասիական միության գաղափարը կանդրադառնա գալիք նախագահական ընտրությունների վրա: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով` եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ունենա իրեն արժանի մրցակից, որը միանշանակ կողմ կլինի Եվրասիական միությանը, ապա Ռուսաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից և սատարել այդ թեկնածուին, սակայն միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, դա չի կարող էական ներգործություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կոնյուկտուրայի վրա, քանի որ Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր լծակները:
Ըստ Գրիգորյանի` հենց Եվրասիական միության և Եվրոպական Միության անդամակցության հարցը կարող է դառնալ այն անկյունաքարը, որի շուրջ կծավալվի ողջ քաղաքական պոլեմիկան: Ըստ վերլուծաբանի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջ է տանելու Եվրասիական միությանն անդամակցելու շահավետության գաղափարը, արևմտամետ ուղղվածություն ունեցող գործիչները հավաքվելու են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, և բնականաբար ամենաշահեկան դիրքում կլինի ՀՀ գործող նախագահը, քանի որ վերջինս ունի հայամետ գաղափարախոսություն և կոմպլիմենտար արտաքին քաղաքականության կրողն է: