Reuters. «Բանկային սանկցիաները շրջանցելու Իրանի հույսը Հայաստանն է»
Իրանի դիվանագիտական քայլերը Հայաստանի ուղղությամբ վկայում են այն մասին, որ միջազգային սանկցիաների տակ կքած իսլամական այս հանրապետությունն իր բանկային համակարգի և բիզնես բնագավառների ընդլայնման հարցում մեծ հույսեր է կապում Հայաստանի Հանրապետության հետ: Այս մասին է հայտնում բրիտանական «Reuters»-ը: Պարբերականը նշում է, որ Իրանի հետաքրքրությունը 3.3 միլիոնանոց Հայաստանի հանդեպ գնալով աճում է, քանի որ վերջինիս միջուկային ծրագիրը խեղդելու նպատակով Արևմտյան իշխանությունները և հետախուզական ծառայությունները միջազգային մեկուսացման են ենթարկել Թեհրանը:
Նման մեկուսացման վառ օրինակը «British bank Standard Chartered» բրիտանական բանկն է, որը ստիպված եղավ տուգանք վճարել ԱՄՆ-ի իր բաժնետերերին, քանի որ թաքցրել էր վերջիններից, որ Իրանի հետ 250 բիլիոն ԱՄՆ դոլարի փողային շրջանառություն է իրականացրել:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Իրանի հետ առևտրային սերտ կապեր ունեցող և դեպի Եվրոպական Միություն ձգտող Հայաստանը կարող է օժանդակել Թեհրանին՝ օտարերկրյա գործընկերների հետ փողային տրանսֆերներ անելու հարցում և ավելի դյուրին դարձնել այդ փողային գործարքները միջազգային հետախուզական ծառայություններից թաքցնելու գործընթացը:
«Հայ պաշտոնյաները հերքում են Իրանի կողմից իրականացվող ապօրինի բանկային գործարքների հետ կապը»,-գրում է «Reuters»-ը` հավելելով, որ Միացյալ Նահանագները և Եվրոպական Միությունը փողային գործարքներ են իրականցնում Իրանում գործող միայն երկու բանկերի հետ, միևնույն ժամանակ Միացյալ Նահանագների` Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցով հանձնախմբի ներկայացրած զեկույցում ասվում է, որ Իրանն անընդհատ բանկային սանկցիաները շրջանցելու ճանապարհներ է փնտրում:
Ըստ զեկույցի` Իրանին բանկային գործարքների իրականացման օժանդակության հարցում ամենահարմար երկիրը Հայաստանն է, որը սահմանակից է Իրանին և որի օրենսդրությունն ունի մի շարք թերություններ, որոնք թույլ կտան շրջանցել օրենքը:
«Չնայած հայ պաշտոնյաների հավաստիացումներին առ այն, որ Իրանի հետ որևէ ապօրինի բանկային գործարք չի իրականացվում` ԱՄՆ-ի պաշտոնյաները հորդորել են իրենց հայ գործընկերներին ուժեղացնել բանկերի ֆինանսական վերահսկողությունը, քանի որ Իրանն, այնուամենայնիվ, շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին իր բանկային գործարքների մեջ ներգրավելու համար»:
«Reuters»-ը նշում է, որ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը պետք է ավարտվի 2014 թ-ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար:
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Իրանը ֆինանսական կապեր ունի նաև Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո վերջիններս խիստ սահմանափակել են Իրանի բանկային համակարգի հետ ֆինանսական գործարքների քանակը, ինչն էլ ստիպել է Իրանին փնտրել մի գործընկերոջ, որը չի շարժվում Արևմուտքի թելադրանքով, ըստ Միացյալ Նահանգների Իրանի սանկցիաների հարցով հանձնախմբի` նման երկիր կարող է դառնալ Հայաստանը: Հանձնախմբի զեկույցում նաև նշվում է, որ նման կապեր Իրանը փնտրում է նաև Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մալազիայում: Ինչպես նաև` Իրանը լայնորեն օգտագործում է Իրաքի բանկային համակարգը` մեծ գումարներ կանխիկացնելու և միջազգային շուկայում դրանք ներդնելու նպատակով:
Անդրադառնալով Հայաստանին` «Reuters»-ը տեղեկացնում է, որ համաձայն Արևմտյան հետախուզական գործակալությունների զեկույցի` բանկային համագործակցության հարցում Իրանի թիրախն է հայկական «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը:
Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը, սակայն, հերքում է, ասելով, թե հնարավոր չէ, որ ԱԿԲԱ-ն կապեր ունենա Իրանի հետ:
«Հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա:
«Reuters»-ի հոդվածում նշվում է, որ «ԱԿԲԱ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նույնպես հերքել է Իրանին օգնելու մասին լուրերը: «Մենք ֆինանսավորում ենք միայն Հայաստանի տնտեսությանը, որևէ հարաբերություն չունենք Իրանի հետ և երբեք չենք ունեցել: Ապագայում ևս չենք նախատեսում ֆինանսավորել Իրանին: Այն, ինչ դուք ասում եք, նոնսենս է»,- ասել է Գիշյանը:
«Վաշինգտոնը վերջերս հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել է իր մտահոգություններն այն մասին, որ Իրանը կարող է, օգտագործելով Հայաստանը, շրջանցել պատժամիջոցները»,- տեղեկացնում է «Reuters»-ը` նշելով, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսին Երևանում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձել է այս հարցին:
Մյուս բանկը, որն Արևմուտքի ուշադրության կենտրոնում է, իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղն է: «Մելլաթի» դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է սկսած 2007 թ.-ից:
Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության բաժնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը, հղում անելով բանկերի տարեկան զեկույցին, ասել է, որ տվյալ բանկի հայաստանյան ակտիվները 2010 թ-ի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 50 տոկոսով:
Զեկույցում նշվում է, որ «Մելլաթ»-ը կտրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների ֆինանսական շուկաներից և, ըստ էության, չի համագործակցում հայկական այլ բանկերի հետ: «Մելլաթ»-ի հայկական մասնաճյուղն այլևս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ:
Առաքել Մելիքսեթյանը նշել է, որ բանկի հաճախորդները հիմնականում իրանցիներ են, ովքեր Հայաստանում բիզնես ունեն, հայեր, որոնք Իրան ապրանք են արտահանում, ինչպես նաև իրանցի ու Իրանի հայազգի քաղաքացի ուսանողներ:
Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան ժամանակին նույն իրավիճակում էր, որում այսօր գտնվում է Հայաստանը: 2010թ.-ին Թուրքիան ապահով էր Իրանի բանկերի համար, սակայն ամերիկյան ճնշումների ներքո ստիպված եղավ խզել կապերը Թեհրանի հետ: Արևմուտքի պնդմամբ` թուրքական բանկերն այժմ ավելի զգույշ են իրանցի հաճախորդների հետ աշխատելիս:
Գործակալությունը նշում է, ԱՄՆ-ի մտահոգությունները Հայաստանի և իրանական բանկերի պատժամիջոցների վերաբերյալ, նոր չեն: Այդ մասին տեղեկություններ եղել են նաև WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում:
2007թ-ի տարեթվով թվագրված փաստաթղթերից մեկում մասնավորապես ասվում էր, որ Իրանի «Սեպահ» բանկը, որն ԱՄՆ-ի կողմից ֆինանսական սանկցիայի տակ էր, ֆինանսական գործարքներ է իրականացնում Իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի միջոցով: