
Ա.Ավալյան. Սևանա լճում գործող հանրային լողափերը բավականին ծանրաբեռնված են
Նախորդ տարի Սևանա լճում գործող հանրային լողափերից օգտվել է 100 հազար մարդ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու լողափերը բավարար չեն, քանի որ մեծ ծանրաբեռնավածությամբ էին աշխատում: Կառավարության որոշմամբ, այս տարի ևս հինգ հանրային լողափ ստեղծվեց: Այս մասին ասուլիսում ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը` ընդծելով, որ թեև լողափերն ավելացել են, բայց կրկին ծանրաբեռնված են:
«Հանրային լողափերը, ընդհանուր առմամբ, գտնվում են լավ վիճակում, մաքուր վիճակում: Լողափերում անվճար ծառայություններ են մատուցվում: Նախորդ տարվա համեմատ, այս տարի վերափոխվել է սանհանգույցը»,- ասաց նա:
Ավելացված հանրային հինգ լողափերում դեռևս բարեկարգման աշխատանքներ են տարվում ու հիմնականում նախատեսված են կարճատև հանգստի համար, ծառայություններ չեն մատուցվում: Հինգ լողափերից մեկում (N 3) այժմ, ըստ բանախոսի, ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրով (47 հազար դոլար) բարեկարգման աշխատանքներ են տարվում:
Ինչ վերաբերում է մասնավոր լողափերին ու դրանց տարածքներում գործող գնային քաղաքականությանը, որը, ինչպես պնդում են հանգստացողները, բավականին թանկ է, Ա. Ավալյանն ասաց, որ բնապահպանության նախարարությունը միայն վարձակալական հիմունքներով տարածքներ է տրամադրում ու գնային քաղաքականության վրա ազդելու լծակներ չունի: Սևանա լճի տարածքում գործում է 100-ից ավել մասնավոր լողափեր: