«Հայռուսգազարդի» Կարեն Կարապետյանը կարող է դառնալ նախագահի թեկնածու
«Հրապարակը» գրել է. «Քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է: Նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու, միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր: Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է և չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, և նույնիսկ Երևանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: Իսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը:
Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի մերձավոր և, միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին և Քոչարյանին. նրանք համարվում են միևնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ: Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, և ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը:
…Նրա թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին»: