Ռուսաստանը պաշտոնապես դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ապահովող արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Հաղորդագրության համաձայն, այսպիսով Ռուսաստանը դառնում է ԱՀԿ-ի 156-րդ անդամը:
Փաստաթուղթը ստորագրվել էր 2011 թ-ի դեկտեմբերի 16-ին՝ Ժնևում: ԱՀԿ անդամ պետությունների նախարարները Ռուսաստանի անդամակցումը հավանության էին արժանացրել շուրջ 18 տարի բանակցություններից հետո:
«Գազետա.ռու»-ն, այնուհանդերձ, նշում է, թե ԱՀԿ-ի նորմերն ու սկզբունքները դեռևս չեն կարող լիարժեք կիրառվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերություններում, հաշվի առնելով ԱՄՆ-ի կոնգրեսի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը որոշակի սահմանափակումներ է սահմանում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում, ինչն էլ, իր հերթին, անհամատեղելի է ԱՀԿ-ի նորմերի հետ: