Ս.Սաֆարյան. ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու հարցը դեռ բաց է
ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել գալիք նախագահական ընտրություններին հանդես գալո՞ւ է սեփական թեկնածուով, թե՞ ոչ: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Իշխանության թեկնածուն արդեն մեկ տարի է, ինչ հայտնի է: ԲՀԿ-ի պարագայում այս հարցի պատասխանը դեռևս չկա: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի հետագա քայլերը կախված կլինեն նրանից, թե ինչ արդյունքներ նրանք կարձանագրեն կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Եթե դրանք ԲՀԿ-ի համար լինեն տպավորիչ և բավարար, ապա անշուշտ կլինի շարունակություն: Եթե ոչ, ապա ես ավելի շատ հակված եմ նրան, որ այս ամենի արդյունքում ՀՀԿ-ԲՀԿ խնդիրը կավարտվի և արդեն պետք է խոսել հիմնական կոնֆլիկտի մասին, որը լինելու է ընդդիմության և իշխանության միջև»,- նշեց Ստեփան Սաֆարյանը, հավելելով, որ բացառում է, որ ԲՀԿ-ն այս դեպքում կարող է սատարել որևէ ընդդիմադիր թեկնածուի:
Ինչ վերաբերվում է գալիք նախագահական ընտրությաններում ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուի խնդրին, ապա ըստ Ստեփան Սաֆարյանի, երեք հնարավոր թեկնածուներից բոլորի` Վարդան Օսկայանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի պարագաներում կան որոշակի խնդիրներ:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` թեկնածուներից մեկի` Վարդան Օսկանյանի խնդիրը բավական լուրջ հնարքով, այն է` «Սիվիլիթասին» և նրան մեղադրանք առաջադրելով, իշխանությունները կարողացան լուծել: «Ես չեմ կարծում, որ այսքանից հետո նա կկարողանա դառնալ իշխանություններին լուրջ մարտահրավեր նետող թեկնածու»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ վերջինիս առաջադրումը կնշանակի ի սկզբանե պարտության արձանագրում:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առաջադրմանը, ապա ըստ Ստեփան Սաֆարյանի, դրա իրական հնարավորությունները չափազանց ցածր են, քանի որ այս դեպքում կընթանա «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան բաց պատերազմ, որում Ռոբերտ Քոչարյանը հաղթելու հնարավորություններ չունի»:
Գագիկ Ծառուկյանի թեկնածության պարագայում, ըստ Ստեփան Սաֆարյանի, առկա են մի շարք հարցեր և գործոններ, որոնց պատասխանը չունի նույնիսկ հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: