Վարդան Արամյան. Այսօր ունենք բավական համեստ գնաճ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս տարվա հունվար-հուլիսին արձանագրված 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշին, նշեց, որ մինչ ճգնաժամը և այսօր աճի տեմպերի մեջ կա որակական փոփոխություն: Նա, մասնավորապես, կարևորեց արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճը:
Վ. Արամյանի խոսքերով՝ քննադատություններ են հնչում, որ արդյունաբերությունը, հիմնականում, կենտրոնացված է հանքարդյունաբերության մեջ, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ: «Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերությունում գրանցվել է 13 % աճ, որից միայն 8.1 %-ը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը: Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ բացի հանքարդյունաբերությունից, աճ է նկատվում նաև մնացած ճյուղերում»,- ասաց փոխնախարարը:
Բացի այդ, ըստ փոխնախարարի, գյուղատնտեսության ոլորտը նույնպես բարձր աճի տեմպ է ցուցադրում՝ 8%, որից 6%-ը բուսաբուծությունն է ապահովել: Վ. Արամյանն ընդգծեց, որ 2010 թ-ին Հայաստանում գրանցվեց գնաճ, և կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնամուխ եղավ գնաճի զսպմանը՝ գյուղատնտեսության ոլորտում հատուկ գործիքակազմ կիրառելով: Արդյունքում, ըստ նրա, 2011 թ-ին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց բարձր աճի տեմպեր, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմում է 8 %: Փոխնախարարը հայտնեց, որ այսօր ունենք բավական «համեստ» գնաճ:
Վ. Արամյանի խոսքերով՝ այսօր հստակ կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսության աճի միտումները դրական են: «Այսօր մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն: 2008-ին գրանցվեց 14% անկում, որի հիմնական մասը շինարարության ոլորտում էր, իսկ այսօր շինարարության մասնաբաժինը նվազել է, փոխարենը աճել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների տեսակարար կշիռները: Մասնավորապես, արդյունաբերությունը իր մասնաբաժինը բարձրացրել է մոտ 3 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունը՝ մոտ 4 տոկոսային կետով»,- ասաց Վ.Արամյանը:
Անդրադառնալով մրցակցային խնդիրներին, փոխնախարարը նշեց, որ մրցակցային դաշտում կա մեկ գերխնդիր՝ օրենսդրությունը: Սակայն, նա նկատեց, որ վերջին տարիներին այս ուղղությամբ նույնպես հսկայական աշխատանքներ են տարվել: Եթե մինչև 2010թ-ը տնտեսավարող սուբյեկտները խախտումների դեպքում վճարում էին ընդամենը 500 հազար դրամ տուգանք և ձերբազատվում էին էական խնդիրներից, ապա այսօր տուգանքի չափը 10 անգամով ավելացել է: «Սա ազդակ է բոլոր գերիշխող դիրք ունեցողներին, որ եթե չարաշահեն իրենց գերիշխող դիրքը, ապա պարտավոր են մեծ տուգանքներ վճարել»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա