Նախարարության պաշտոնյային սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում. Վարժապետյանի գործընկերները աբսուրդ են համարում
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի կալանավորումը սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների համար անսպասելի էր, նրանք դա աբսուրդ են համարում:
Վարժապետյանին ծառայության աշխատակիցները համարում են համեստ, ազնիվ մարդ, չեն հավատում, որ մեղքը կապացուցվի, ասում են, նույնիսկ ապացուցվելու դեպքում էլ դժվար հավատան, թե կաշառք է վերցրել:
Ծառայությունը իրավապահ որևէ մարմնից մինչ այս պահը որևէ գրություն չի ստացել: Ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին ասաց, դեռ հստակ էլ չէ՝ նախնական կալանքի դեպքում Վարժապետյանի` աշխատանքից բացակայության հետ ինչ է արվելու:
«Աշխատանքից ժամանակավո՞ր է ազատվում, անհարգե՞լի բացակա է ստանում, թե՞ հարգելի, մենք ինչ-որ բան պետք է ստանանք, որ իմանանք: Մենք այս պահին մամուլի եղած հրապարակումներից բացի ուրիշ ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես կարծում եմ, որ կամ դատարանից, կամ իրավապահ այլ մարմնից մենք ինչ-որ գրություն կստանանք»,-ասաց Բ. Պիպոյանը:
Ոստիկանությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Ա.Վարժապետյանը ձերբակալվել է օգոստոսի 18-ին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյայի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Նրա դեմ հարուցված քրեական գործը գտնվում է քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում: Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ, նրա դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Օրենքի այդ կետը սահմանում է. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, թե տեղյակ չէ խոսքն ինչ գումարի մասին է: «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Արթուր Վարժապետյանը մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու և վերցնելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան