ՍԴ-ում քննարկել են Թեղուտի խնդրի վերաբերյալ վճռաբեկի որոշումները
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում կազմակերպվել էր քննարկում՝ Լոռու մարզի Թեղուտի խնդիրների հետ առնչվող դատական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների և այն հարցի շուրջ, թե որ դեպքում ՀԿ-ները կարող են որպես շահագրգիռ կողմ դիմել դատարան:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, քննարկմանը մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Թեղուտի պաշտպանության հասարակական ակտիվիստներ, փաստաբաններ, իրավագետներ և լրագրողներ:
«Այն բոլոր հարցերը, որոնք հուզում են հասարակությանը, առաջացնում են մտահոգություն, և հասարակական կազմակերպությունները դրանց ակտիվ արձագանքում են, չեն կարող ուշադրությունից դուրս մնալ: Դա հենց պետության, պետական կառույցների, նաև` քաղաքացիական ինստիտուտների խնդիրն է՝ բացահայտել այդ հարցերի արմատները և գտնել համապատասխան լուծումներ»,-նշել է ՀՀ ՍԴ նախագահը:
Նր խոսքով, ՍԴ-ի պարագայում կան օրենքով թելադրված սահմանափակումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: «Այդ սահմանափակումներից առաջինն այն է, որ ՍԴ-ն, որպես ինստիտուտ, գործը կարող է քննել միայն համապատասխան ընթացակարգով՝ դիմումի առկայության և գործը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում, երկրորդ խնդիրն այն է, որ սահմանադրական դատարանի որևէ անդամ, որևէ հարցի վերաբերյալ չի կարող իր տեսակետը, կարծիքն արտահայտել, եթե այդ հարցը կարող է դառնալ ՍԴ-ի քննության առարկա»,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
Նա անդրադարձել է նաև ՍԴ-ի արդեն իսկ ընդունած որոշումների կատարման ընթացքին և այն իրավիճակին, երբ բարձրացվում է դատական պրակտիկայում այդ որոշումներին հակառակ իրավական դիրքորոշումներով լուծումներ տանելու հիմնախնդիրը: Այս հարցը կդառնա Երևանում հոկտեմբերի 4-6-ը կայանալիք միջազգային խորհրդակցության առարկա:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը իր ելույթում նշել է, որ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհուրդը քննարկման արդյունքում կայացնելու է որոշում, որը մտնելու է ՍԴ-ի տարեկան հաշվետվության մեջ:
Խնդիրը, որը տարակուսանքի մեջ է գցել Թեղուտի քաղաքացիականան պաշտպանության ակտիվիստներին, այն է, որ հարցի դատական լսումների ժամանակ վճռաբեկ դատարանը մեկ անգամ հնարավորություն է տվել ՀԿ-ներին մասնակցել դատական վարույթին, մյուս անգամ` մերժել է:
Ըստ աղբյուրի, եզրափակելով քննարկումը՝ ՍԴ նախագահ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ բարձրացված հարցերի մի մասը վերաբերում է ՍԴ-ին: Ըստ նրա՝ քննարկված հարցերի այդ շրջանակը կենտրոնի խորհրդին ներկայացվելուց հետո կարող է ներկայացվել ՍԴ-ին: Գևորգ Դանիելյանը ընդգծել է, որ քննարկման մի քանի հարցեր կներառվեն ՍԴ-ի տարեկան հաղորդման մեջ, որովհետև չի կարող Սահմանադրական դատարանի որևէ որոշում մեկնաբանվել այլ պետական մարմնի կամ դատական ատյանի կողմից: Ի դեպ այդ տեսակետի կողմնակից է նաև ՍԴ նախագահը:
«Խորհրդում անխուսափելիորեն կլինեն տարաձայնություններ, բայց մի բան պարզ է, որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումը հետևյալն է` ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես շահագրգիռ կազմակերպություններ: Այլ հարց է, որ կարգը պետք է օրենսդրորեն հստակեցվի»,-ընդգծել է Գևորգ Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում