Է. Հովհաննիսյան. 21-րդ դարում կլինի արդեն հինգերորդ հռչակագիրը
«Սա այն եզակի ձեռքբերումներից էր, որ հայ ժողովուրդը, ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի շատ այլ երկրների, հասավ իրոք մաքատումների գնով: Ուզում եմ նշել, որ 20-րդ դարի ընթացքում հայ ժողովուրդը չորս անգամ առիթ և պատմական-քաղաքական իրավիճակ է ստեղծել` անկախություն հռչակելու համար»,- անդրադառնալով Հայաստանի անկախության հռչակագրի 22-րդ տարեդարձին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Ներկայացնելով 20-րդ դարում ընդունված չորս հռչակագրերը, բանախոսը նշեց. «Առաջինը 1918 թվականի մայիսի 30-ին հռչակված, բայց մեր իրականության մեջ հայտնի` մայիսի 28-ին հռչակված հայտարարությունն է, որով հիմք դրվեց Հայաստանի Առաջին անկախ հանրապետությանը: Երկրորդը 1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևան քաղաքում, խորհրդային 11-րդ կարմիր բանակի աջակցությամբ` հայ կոմունիստների կողմից հռչակած դեկլարացիան էր, որը հիմք դրեց ՀԽՍՀ-ին, որն էլ գոյատևեց շուրջ 70 տարի»:
Անդրադառնալով երրորդ հռչակագրին, Է. Հովհաննիսյանն ասաց, որ այն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին և հաստատվել 1991 թվականին` ժողովրդի ազատ կամարտահայտման` հանրաքվեի միջոցով:
«Իսկ չորրորդ հռչակագիրը, որն իրականացրեց հայ ժողովրդի մի հատվածը, դա 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Ղարաբաղի անկախության մասին հռչակագիրն էր, որով ստեղծվեց երկրորդ հայկական պետույթունը»,- ասաց նա:
«Հուսով եմ, որ 21-րդ դարում մենք կունենանք, այսպես ասած, հինգերորդ անկախության հռչակագիրը, որը հռչակելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միավորումը և մեկ միասնական պետության ստեղծումը: Համոզված եմ, այս հինգերորդ հռչակագիրը լիուլի համապատասխանելու է հայ ժողովրդի իղձերին»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա