«Քինգ դելյուքս»-ի և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ուսումնասիրել է «Քինգ դելյուքս» ընկերության և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև ծագած խնդիրը և ներկայացված փաստարկները քննարկել կողմերի հետ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչությունից:
Ըստ վարչության՝ արդյունքում վեճը սպառված է, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը և բիզնես, և բարեգործական նպատակներով, յուրաքանչյուրը սպասարկելով համապատասխան սոցիալական շերտերի կարիքները։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն «Քինգ դելյուքս» ընկերության երթուղայիններին են վնասում, այլև մեկ ուրիշ երթուղու, մասնավորապես, անհարմարություններ է ստեղծել նաև Երևանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար, ապա նախարարությունից տեղեկացրին, որ թիվ 86 երթուղու հետ կապված, նախարարությունը որևէ բողոք չի ստացել։