Պատգամավորի քրոջ որդուն միջնորդությամբ ազատ են արձակել
Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ»-ին փոխանցել են, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) և մի դատախազ:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Մխիթարյանը. «Այո, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն»:
Թերթը հիշեցնում է, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերով: «Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի` մականունը «Բիճ», Արսեն Գալստյանի) և այլ հանցագործությունների հետ»,- գրում է «Ժողովուրդը»: