Հայատյաց ու հակահայ ադրբեջանական դասագրքեր. Ն.Զոհրաբյանը պահանջում է ԵԽ-ի հստակ գնահատականն ու արձագանքը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մույհնիեկսին (Nils Muiћnieks)՝ բարձրաձայնելով ադրբեջանական դասագրքերում հակահայ քարոզչությունն ու հայատյաց փաստերի առկայությունը:
Նամակին կից Ն.Զոհրաբյանն ուղարկել է նաև այդ դասագրքերից վերցրած բազում օրինակները և, ինչպես պատգամավորն ասաց Panorama.am-ին, այդ փաթեթը բավականին հաստափոր ու ծավալուն է ստացվել՝ ներառելով ողջ խայտառակությունը:
Հիշեցնենք, այս խնդիրը տիկին Զոհրաբյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից մատնացույց էր արել դեռևս վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, և ահա այժմ պատգամավորն ակնկալում է հանձնակատարի գնահատականն ու արձագանքը:
Նամակում մասնավորապես ասված է.
«Եվրոպական մեր մեծ ընտանիքի՝ ԵԽ անդամ երկրների համար կարևորագույն գերակայություններից մեկը այնպիսի սերդնի դաստիարակությունն է, որտեղ ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը տեղ չպիտի ունենան: Ցավոք, ես բազմիցս ստիպված եմ եղել ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել, որ միշտ չէ, որ ԵԽ անդամ որոշ երկրներ առաջնորդվում են այն հիմնարար արժեքներով ու սկզբունքներով, որոնք մեր կառույցի հենքն է: Եվ որ ամենացավալին է, կան երկրներ, որտեղ պետական մակարդակով խրախուսվում է ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ես ներկայացրեցի Ադրբեջանի հանրակրթական դասագրքերում առկա բացահայտ ռասիզմի, հայատյացության և անհանդուրժողականության մի քանի կոնկրետ օրինակներ:
Ձեզ եմ ուղարկում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված և այդ երկրի հանրակրթական դպրոցներում դասավանդվող դասագրքերից կոնկրետ օրինակներ, ինչպես նաև ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին և ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզիի նկատառումները՝ իրենց իսկ երկրում երիտասարդ սերնդին նման դասագրքերով կրթելու և դաստիարակելու անթույլատրելիության և վտանգավորության մասին:
Կարծում եմ, ԵԽ-ն իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի այս երևույթի հանդեպ: Այլապես, պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցի պատանիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով նրանց գերակշիռ մեծամասնությունը թնշանու կերպարը նույնացնում է հայի հետ: Ինչպես նաև՝ չպետք է այլևս զարմանալ ու տարակուսել, թե որտեղ են դաստիարակվում և ինչպես են դառնում Ռամիլ Սաֆարովներ, որը Բուդապեշտում կացհնահարեց խաղաղ քնած հայ սպային:
Մեծարգո պարոն հանձնակատար, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու գնահատականը ԵԽ անդամ երկրում պետական մակարդակով հովանավորվող և քարոզվող ռասիզմին ու հայատյացությանը»:
Ն.Զոհրաբյանը նաև մեզ ներկայացրեց որոշ օրինակներ, որոնք իր կողմից ներկայացվել են պարոն Նիլս Մույհնիեկսին:
Այդպես, 9-րդ դասարանի «Կենսաբանություն» առարկայի դասագրքում մարդու հենաշարժողական ֆունկցիան նկարագրող բաժնում առկա է մի վարժություն, որում խնդիրը ներկայացված է հետևյալ կերպ. «Ով կարող է մատնանշել հաշմանդամների մոտավոր թիվը, որոնք վերջույթները կորցրել են Ղարաբաղյան պատերազմում»: Կամ այսպես՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ 20-21 տարեկան երիտասարդները, որպեսզի շեղեն թշնամու ուշադրությունը, գցվում էին բարձր ժայռերից ու, անկախ հետագա բուժումից, նրանք հաշմանդամ են՝ մեծամասնության ստորին վերջույթները չեն շարժվում, նրանք տառապում են միզաթողությամբ և այլն: Բացատրեք՝ ինչո՞ւ».
«Սրանք ադրբեջանական դասագրքային այդ խայտառակության միայն մի մասն են, այսպիսի օրինակները շատ շատ են ու բոլորը ուղարկվել են պարոն հանձնակատարին»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ բացի դրանից, փաթեթում առկա են նաև ադրբեջանցի հասարակական գործիչ Մարիամ Գյունեշլիի և ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզիի բաց նամակները, որոնցում այդ գործիչները իրենց վրդովմունքն են արտահայտում նույն հարցի վերաբերյալ՝ ադրբեջանական դասագրքերում առկա ռասիզմի, հայատյացության առումով: Նրանք ևս ահազանգում են, որ այդ դասագրքերով մեծացող ադրբեջանցի սերունդը չի կարող նորմալ հոգեկան աշխարհ ունենալ: Ավելին.
«Լրագրող Ուլքեր Իսմայիլգզին իր «Ինչո՞ւ է կորել սպիտակ ձիով տղան» հոդվածում գրում է, որ դասագրքերից հանվել են բոլոր ավանդական հեքիթաները, որոնք պատմում են չարի նկատմամբ բարու հաղթանակի մասին և մյուս մանկական պատմությունները և մատնացույց անում այն ամենին, ինչով փոխարինել են հին ու բարի հեքիաթները՝ ազգային տոներով, Խոջալուի ողբերգության փաստերով և այլն»,- տեղեկացրեց Ն.Զոհրաբյանն ու մեջբերեց այդ հոդվածից մի հատված.
«Մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ հայերի նկատմամբ ատելության հիմքի վրա և կարող ենք ողջ գիտակցական կյանքը կառուցել թշնամու դեմ ուղղված քարոզչության հիմքի վրա: Բայց երբ վաղը խաղաղություն հաստատվի, իսկ հաշվի առնելով պատմությունը ես այդ հեռանկարը ավելի քան հավանական են համարում, այդպիսի ջանասիրությամբ էլ փորձելու ենք հանգցնել մեր ատելությունը»,- մասնավորապես ասված է լրագրողի բաց նամակում:
«Այսքանը ներկայացնելով՝ ես պահանջում եմ Եվրոպայի խորհրդի և անձամբ հանձնակատարի հստակ գնահատականն ու արձագանքը»,- կրկնեց իր խոսքը Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան