«Պետք չէր, որ բոլոր ռուսալեզու դպրոցները նման կերպ փակվեին»
«Հայաստանի անկախության առաջին տարիների գլխավոր սխալներից մեկն այն էր, որ անցումը խորհրդային արժեհամակարգից նորին սահուն չի եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ըստ բանախոսի` 1988 թվականին սկսված ազատագրական շարժումը երկու նպատակ լուծեց` ազատեց Հայաստանն ապազգային ու հակահայկական տարրերից և ազատագրեց Արցախը:
«Դա հեղափոխություն էր, և բնական է, որ այդ ժամանակ ալիքի տակ մնաց ոչ միայն ավելորդը, այլև օգտակարը: Այն տարիներին հանդես եկան երիտասարդներ, որոնք պահանջում էին հանել Մյասնիկյանի, Շահումյանի, Գրիբոյեդովի, Աբովյանի, այլոց արձանները: Մեր սերունդը մի կերպ կարողացավ կանխել դա»,- ասաց նա` նշելով, որ նոր արժեհամակարգը պետք է կառուցվեր հենց նախորդի հիմքի վրա, քայլ առ քայլ, ոչ թե կտրուկ, ինչի պատճառով էլ առաջացավ արժեհամակարգային խորը ճգնաժամ` իր բացասական ողջ դրսևորմամբ, և որի հետևանքները զգացնել են տալիս նույնիսկ այսօր:
Հրապարակախոսի կարծիքով` սխալ էր նաև այն, որ հանրապետության ողջ տարածքում փակվեցին ռուսալեզու դպրոցները: «Ես դեմ էի Հայաստանի ռուսականացմանը, բայց այդպես չէր, որ պետք էր բոլոր ռուսալեզու դպրոցները նման կերպ փակվեին», - ասաց նա` հիշեցնելով, 90-ականներին արգելքի տակ էր դրվել հեռուստաեթերով նույնիսկ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ցուցադրումը:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս, «Կարին» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը շեշտեց, որ թեև ինքն ավարտել է Վրաստանում ռուսալեզու դպրոց, բայց դեմ է Հայաստանում որևէ օտարալեզու դպրոցի:
«Բայց դա չի նշանակում, որ ռուսալեզու դպրոցները պետք է նման կերպ վերացվեին»,- համաձայնվելով Մ.Տեր-Գուլանյանի հետ` ասաց նա, շեշտելով, որ առավել ևս չէր կարելի նման ատելություն ցուցաբերել ռուսական մշակույթի նկատմամբ: «Ես դեմ եմ օտարալեզու դպրոցներին, բայց դեմ չեմ ռուսերեն լեզվի գործադրմանը, կամ ռուսական մշակույթին», - ընդգծեց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև գրադարաններում` խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մասնագիտական բազմաքանակ գրքերի ճակատագրին, և մտահոգություն հայտնեցին, որ այսօր ուսանողներից շատերը չեն կարող օգտվել դրանցով, քանի որ լեզվին բավարար չեն տիրապետում: Գ.Գինոսյանի խոսքով` պետությունը պարտավոր է անդրադառնալ այդ հարցին և անցնել հսկայածավալ այդ գրականության թարգմանության, իսկ ըստ Տեր-Գուլանյանի` պետք է մեծ թվով հայալեզու մասնագիտական նոր գրականություն հրապարակել: «Այս հարցը ևս պետք է բարձրաձայնվի», - ասաց համույթի ղեկավարը` նշելով, որ անձամբ հաճախակի դժվարություններ է հանդիպում օտարալեզու մասնագիտական գրականության հետ ծանոթանալու հարցում, թեև տիրապետում է մի քանի օտար լեզուների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան