Քաղաքական անբարոյականությունը Հ.Հովհաննիսյանի դեպքում անբուժելի է. Ծառուկյանի մամուլի խոսնակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված, այնուհետև ինչ-ինչ պատճառներով ինքնաբացարկ հայտնած Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը: Տոնոյանը բացահայտում է, թե ինչու են Հովհաննիսյանին ԲՀԿ-ում ստիպել հրաժարվել մանդատից:
Նշենք, որ 1in.am-ի հետ հարցազրույցում Հ. Հովհաննիսյանը, խոսելով ինքնաբացարկի դիմում ներկայացնելու պատճառների մասին, ասել էր. «Իշխող ուժը, «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ, ինձ պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար անձամբ ես չեմ ափսոսում, քանզի ստիպված չեմ մականունավորների ժողովներին մասնակցել»:
Այնուհետև Aravot.am-ին Հովհաննիսյանն ասել էր. «Լավ, ասեմ իրականությունը` 5 տարի Ծառուկյանը ինձ խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ իր ցուցակում, այ դա է իրականությունը: 5 տարի: Միշտ ասել է, որ 5-րդ տեղը քո բրոնյան է, իմացա՞ք: Նա ասել է` դու կհամաձայնվես, թե չես համաձայնվի, բայց ես քեզ հրավիրում եմ 5-րդ համար` իմ ընտրական ցուցակում: 5 տարի շարունակ դա կրկնել է` ամեն մեր հանդիպման ընթացքում: Սա’ է իրականությունը»:
Տարածած հայտարարության մեջ Իվետա Տոնոյանը նշել է.
«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց: Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև:
Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն և Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը:
Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երևի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես և տևականորեն անշահախնդիր ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն, երևի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, և ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում` անբուժելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները