Քաղաքագետ. ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ընդդիմությունը բավարար ռեսուրսներ չունի
«Այս տարվա աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմության չմասնակցելու պատճառը բավարար ռեսուրսների բացակայությունն է», - այսօրվա ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը: Ըստ բանախոսի` թեև հասարակության կողմից որպես ընդդիմություն այսօր ընկալվում է հիմնականում Հայ Ազգային Կոնգրեսը, վերջինիս ռեսուրսները մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո սպառվել են:
«Տարվա սկզբին կայացած Հրազդանի քաղաքապետի և մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը գրեթե ռեսուրս չունի»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններից առաջ ինքնաբացարկների «առատությանը», Ա.Մինասյանը նշեց, որ նման ընտրություններում առաջադրումները Հայաստանում երբեմն տեխնիկական բնույթ ունեն:
«Դրանով է պայմանավորված, որ վերջին պահին ինքնաբացարկների թիվը մեծ է լինում: Արհեստական մրցակցություն ստեղծելու համար շատ համայնքներում միմյանց դեմ են առաջադրվում ամուսիններ, հայր և դուստր, և բնական է, որ ընտրությունների նախօրեին նրանցից մեկը ինքնաբացարկ է հայտնում», - պարզաբանեց նա:
Քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն արևմտյան երկրների` Հայաստանում քաղաքական մրցակցությունը դեռևս շրջանցում է ՏԻՄ ընտրությունները: «Հենց դրանով է պայմանավորված տարբեր համայնքներում ձևավորված «անհավանական» կոալիցիաները, երբ ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը հանձնում է ՀՀԿ ներկայացուցիչներին և այլն», - նկատեց քաղաքագետը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ենթատեքստ ունի իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի պաշտպանությունը իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից, քաղաքագետը նշեց, որ այս դեպքում իշխանությունները նախըտրեցին սատարել առավելապես չեզոք թեկնածուին:
«Տարիներ շարունակ Գյումրիում կա Ղուկասյանների և Գրիգորյանների կլանների պայքար: Ղուկասյանները ՀՀԿ-ական են, իսկ Գրիգորյանները՝ ԲՀԿ-ական: Այս կլանային պայքարին վերջ տալու համար իշխանությունը որոշեց առաջադրել չեզոք մեկին, այս դեպքում` Սամվել Բալասանյանին, որպեսզի վերջ տա այդ պայքարին»,- պարզաբանեց նա:
Խոսելով նախագահական ընտրությունների վրա ՏԻՄ ընտրությունների ազդեցության մասին, քաղաքագետը նշեց, որ մեր երկրում ՏԻՄ ընտրությունները նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների համար դեռևս ուղիղ ինդիկատոր չեն: Նա համոզմունք հայտնեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ է առաջադրելու իր թեկնածությունը, սակայն որևէ այլ թեկնածուի մասին ներկայումս խոսելը շատ շուտ է:
«Դեռ հստակ չէ, թե ո՞վ է լինելու ընդդիմության թեկնածուն, ԲՀԿ-ն ունենալո՞ւ է թեկնածու, թե` ոչ, սակայն հստակ կարող եմ ասել, որ գործող նախագահը երկրորդ անգամ առաջադրելու է իր թեկնածությունը»- ասաց Ա.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա