Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին դատապարտեցին 21 տարվա ազատազրկման
Օսլոյի շրջանային դատարանը Նորվեգիայում նախորդ տարի կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդերս Բրեյվիկին դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, Բրեյվիկի՝ անցած տարվա հուլիսի 22-ին Ոտոյա կղզում իրականացրած ահաբեկչությունների հետևանքով 77 մարդ էր զոհվել: Իսկ մինչ այդ` նույն օրը, կրակ էր բացել Օսլոյում: Հետագայում նա բացատրել էր, թե այդպիսով ցանկացել է ուշադրություն հրավիրել Եվրոպայի, Նորվեգայի մուսուլմանացման խնդրի վրա: Դատական գործընթացը ընթացքի մեջ էր մի քանի ամիս:
Այսօր դատարանը մեղսունակ է ճանաչել ահաբեկչին, հակառակ դատախազության պահանջի, որը հանդես էր գալիս նորվեգացուն անմեղսունակ ճանաչելու և պարտադիր բուժման ուղարկելու պահանջով:
Հաղորդագրության համաձայն, 21 տարին առավելագույնն է, որ նախատեսված է նորվեգական օրենսդրությամբ: Ազատազրկման ժամկետի ավարտից հետո Բրեյվիկին հնարավոր է պահեն բանտում, եթե ապացուցվի, որ նա շարունակում է վտանգ ներկայացնել հասարակությանը:
Դատական նիստն անցել էձեռնարկված աննախադեպ անվտանգության միջոցառումների ներքո: Նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք էր տրվել միայն տուժածների և զոհերի հարազատներին: Մոտ 150 համաշխարհային լրատվամիջոց ներկայացնող 500 լրագրողների համար նախատեսված է եղել հատուկ սրահ, որտեղ նրանք հետևել են դատավճռի ընթերցման ուղիղ հեռարձակմանը: Ուղիղ հերաձակում են ապահովել նաև երկրի մի քանի հեռուստաընկերություններ: