ԿԳՆ. Երբևէ չի հայտարարվել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է այս տարվանից
Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին:
Մասնավորապես «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ՀՀ կառավարության այս տարի հաստատված ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ: «Կառավարությունը, սակայն, սահմանափակվել է միայն այս դրույթը հրապարակելով: Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ որևէ քայլ մինչ օրս չի ձեռնարկվել»,-գրել էր թերթը:
Հրապարակման առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը, որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-17 թվականների ծրագրում:
«ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում»,-ասված է նախարարության պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան