Orange Հիմնադրամն աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը
Այսօր Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը /ՀԳՀՄ/ և Orange Հիմնադրամը «Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի» շրջանակներում մեկնարկեցին «Ձեռներեց կանայք դառնան կայուն, զարգացող և ավելի մրցունակ» կլոր սեղանի վերջին` երրորդ փուլը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագծի առաջին փուլին մասնակցել են կին ձեռներեցներ, որոնք ներկայացնում են փոքր ու միջին բիզնես ոլորտը` մարքեթինգ, տարբեր ծառայություններ, կար ու ձև, առևտուր, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններ և այլն: Երկրորդ և այսօր մեկնարկած երրորդ փուլին մասնակցում են սկսնակ կին ձեռներեցներ, որոնք, բացի տարբեր փորձագետների հետ հանդիպումներից, որոնց շնորհիվ կկարողանան ձեռք բերել հարկային օրենսդրությանը, մարքեթինգային հմտություններին, բիզնեսի գրված ու չգրված կանոններին վերաբերող գիտելիքներ, կկարողանան նաև փորձի փոխանակում ունենալ մանր ու միջին բիզնեսով զբաղվող` արդեն ավելի փորձառու կանանց հետ:
«Բիզնեսը, որպես գործարար միջավայր, նախ և առաջ ենթադրում է համապատասխան օրենքների և որոշակի կանոնների իմացություն: Գործի կազմակերպման առաջին իսկ քայլերից, ապա նաև ընթացքում միշտ էլ առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք առնչվում են PR-ի կամ գովազդի կազմակերպմանը, մարքետինգին և շուկայում կողմնորոշվելու համար անհրաժեշտ ռազմավարությանը: Բազմաթիվ գործարար կանանց համար աշխատանքի այդ կողմը դեռ անհայտ, չուսումնասիրված տարածք է, և շատ հիմնախնդիրներ հանգեցնում են համապատասխան գիտելիքների բացը լրացնելու անհրաժեշտությանը»,- ասել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Լինելով երկրում կարևոր տնտեսական դերակատարում ունեցող ընկերության կորպորատիվ հիմնադրամ` մենք ցանկանում ենք աջակցել փոքր ու միջին բիզնեսում ներգրավված անձանց գործել և վստահ զգալ բազմաթիվ գիտելիքներ ու հմտություններ պահանջող իրենց աշխատանքում: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի կայուն զարգացման համար ուժեղ փոքր ու միջին բիզնեսի կայացումը չափազանց կարևոր է, իսկ կանանց ներգրավումը` մեծ առավելություն: Սիրով ենք աջակցում այս նախագծին և հույս ունենք, որ այն կտա նկատելի արդյունքներ»,- ասել է Orange Արմենիայի Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
Նախագծի շրջանակներում ՓՄՁ աջակցության գործակալությունը կաջակցի ստանալ ֆինանսավորում այն կանանց, ովքեր լավ բիզնես պլան կկարողանան ներկայացնել:
Հայաստանում, ըստ 2010թ. տվյալների, կա 540.4 հազար կին աշխատող, որոնց 69.2% աշխատում են մասնավոր սեկտորում (մեծամասամբ` գյուղատնտեսություն և վերամշակող արդյունաբերություն), 27.8%-ը` պետական համակարգում (կրթություն, առողջապահություն, սոցիալական աշխատանք), նաև համայքնային և հասարակական ոլորտներում: Աշխատող կանանց 27.5%-ն է անհատ ձեռներեց, իսկ ընդամենը 0.001%-ը` գործատու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին