«Ժառանգության» առավելագույն հնարավորությունը ՏԻՄ ընտրություններում մեկ թեկնածուն էր
Անդրադառնալով այն փաստին, որ սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը միայն մեկ թեկնածու է առաջադրել` «Голос Армении»-ն գրում է. «Այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ախորժակներ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին ի վիճակի է միայն մեկ թեկնածու ներկայացնել, շատ վառ կերպով ցույց է տալիս «Ժառանգության» իրական դիրքը երկրի քաղաքական դաշտում, և արդարացի զարմանք է առաջացնում առ այն, թե ինչպես վերջինս խորհրդարանական ընտրություններին կարողացավ հատել 5%-անոց սահմանագիծը»:
Միևնույն ժամանակ, թերթը նկատում է, որ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կսկսեն բղավել աննախադեպ խախտումների մասին, ոչ ոք չի հիշի, որ ՏԻՄ ընտրություններին այս պարոնայք չկարողացան մեկ թեկնածուից ավել մարդ ներկայացնել:
«ГА»-ն նկատում է, որ «Ժառանգությանը» հարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպես և ՀԱԿ-ում, կադրերի արտահոսք կա. այն լքել են Արարատ Զուրաբյանը, Գառնիկ Գևորգյանը, Կարեն Սավզյանը, Հրաչյա Հակոբյանը և այլք: Ըստ թերթի` կուսակցությունում մնացել են միայն նրանք, ում Ր. Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդարան` Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ թերթի` կուսակցությունը լքած գործիչներն, ամենայն հավանականությամբ, սեփական կուսակցությունը կհիմնեն:
Հոդվածագիրը ենթադրում է, որ այս նորաստեղծ փոքրիկ կուսակցություններն, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորվելու են Արևմուտքից` որպես հակակշիռ «Եվրազես»-ին: