Ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը և Պնախարարը ում ցանկանան` կարող են զենքով պարգևատրել
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ոստիկանությունը մշակել և երկու օր առաջ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Զենքի մասին» նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է որոշ չափով հեշտացնել քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու գործընթացը:
«Զենքի մասին» գործող օրենքով քաղաքացիներն ակոսափող, այսինքն` գնդակ կրակող հրազեն կարող են ձեռք բերել հինգ տարվա փորձաշրջան անցնելուց հետո: Նոր օրենքով առաջարկվում է ակոսափող հրազենի ձեռքբերման իրավունք տալ 21 տարին լրացած և զենք կրելու թույլտվություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Գործող օրենքով` զենքով պարգևատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը և ԱԱԾ տնօրենը:
Վերջին երեքի դեպքում գործող օրենքը հստակ սահմանում է, թե ինչ արժանիքների համար կարող են իրենց աշխատակցին զենքով պարգևատրել: Նոր օրենքով սահմանվում է միայն նույն պաշտոնատար անձանց զենքով պարգևատրելու իրավունք ունենալը, իսկ պարգեւատրվողի արժանիքների մասը հանված է: Այսինքն, նոր օրենքով` ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը և Պնախարարը ում ցանկանան` կարող են զենքով պարգևատրել: