Samsung-ը պարտավորվել է վճարել Apple-ին
Կալիֆորնիայի դատարաններից մեկի որոշմամբ Samsung ընկերությունը պարտավորվել է Apple-ին վճարել 1.05 մլրդ դոլար: Այս մասին գրում են լրատվամիջոցները` վկայակոչելով Associated Press-ին: Ենթադրվում է, որ «Սամսունգ» ընկերությունը կբողոքարկի դատարանի այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Apple-ը հարավկորեական ընկերությանը մեղադրում է iPhone-ը և iPad-ը կրկնօրինակելու մեջ: Եթե դատարանի այդ որոշումն ուժի մեջ մտնի, ապա հնարավոր է «Սամսունգի» որոշ արտադրատեսակների վաճառքի վրա արգելք կիրառվի: Բացի այդ, խնդրի առաջ կարող են կանգնել բոլոր ընկերությունները, որոնք վաճառում են Android-ի բազայի վրա ստեղծված սմարթֆոններ:
Նշենք, որ Apple-ն այս հայցը ներկայացրել էր դեռ նախորդ տարվա ապրիլին` պահանջելով 2.5 մլրդ դոլարի փոխհատուցում: Հակընդդեմ հայց ներկայացնելով՝ «Սամսունգ»-ը պահանջել էր 399 մլն դոլար` հիմնավորելով, որ Apple-ն օգտագործում է իր նախագծերն անլար հաղորդակցության ոլորտում:
Նմանատիպ որոշում կայացրել էր նաև Սեուլի դատարանը, պահանջելով «Սամսունգ»-ից փոխհատուցել պատճառած վնասի համար, միաժամանակ Հարավային Կորեայում արգելվել էր iPhone 3GS-ի, iPhone 4-ի, iPad-ի, ինչպես նաև մի քանի ապրանքատեսակների վաճառքը:
Երկու ընկերությունների միջև դատական վեճերը շարունակվում են նաև այլ երկրներում` այդ թվում Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին