Իրանն Ալիևին դժվար կացության մեջ է դրել
Ադրբեջանը որևէ մակարդակով չի մասնակցում Թեհրանում օգոստոսի 26-ին սկսված Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որին անդամակցում է: Այս փաստը միանշանակ չի ընդունվել Ադրբեջանում:
Դիվանագիտական աղբյուրներից «Ազադլիգ»-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխանության կողմից Չմիավորման շարժման հավաքն արհամարհելու պատճառն այնտեղ քննարկվելիք հարցերից մեկն է: Նշվում է, որ հավաքում կառույցին անդամակցող երկրները պետք է քննարկեն նաև իրար միջև առկա վիզային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին հարցը: Իսկ սա հակասում է պաշտոնական Բաքվի որդեգրած դիրքորոշմանը:
Ադրբեջանի իշխանությունը դրական չի մոտենում այլ երկրների հետ վիզային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու առաջարկներին: Չնայած այն բանին, որ Իրանն ու Թուրքիան երկու տարի առաջ միակողմանիորեն վերացրել են Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը, պաշտոնական Բաքուն այդ ուղղությամբ փոխադարձ քայլ դեռևս չի կատարել: Wikileaks-ի տարածած գաղտնի նամակներում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունը խիստ զգուշանում է իրանցիների ազատ մուտք ունենալու հնարավորությունից, ինչի համար հրաժարվում է նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումից:
«Այժմ Իրանն առաջարկում է վերացնել Ադրբեջանի անդամակցած Չմիավորման շարժման բոլոր երկրների հետ վիզային ռեժիմը, ինչով մերկացվում է Ադրբեջանի իշխանության` այդ երկրի հետ վիզային ռեժիմը չվերացնելու անհիմն պատճառաբանությունները: Թեհրանի գագաթնաժողովին չմասնակցելը պաշտոնական Բաքվին հնարավորություն է տալիս խուսափել 60 երկրների հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցի քննարկումից», -գրում է «Ազադլիգը» և նշում, որ գագաթնաժողովի օրակարգում նման հարց մտցնելով` Իրանը դժվար կացության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում