Սևանում իրար դեմ առաջադրվել են հայր ու որդի և չորս ՀՀԿ-ական
Սևան քաղաքում սեպտեմբերի 23-ին համայնքապետ են ընտրելու: Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է: ԸԸՀ (Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով) փաստաթղթեր է ներկայացրել տասը թեկնածու, որից չորսը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են:
Գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Գևորգ Մալխասյանին հարազատ կուսակցությունն այս անգամ չի սատարելու: Չնայած Մալխասյանը հայտարարել էր, թե չի առաջադրվելու, այնուամենայնիվ ինքնառաջադրվեց:
Ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ականը Աշոտ Ալեքսանյանն է, ով ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության «Ջրհան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է:
Նույն կարգավիճակում գտնվող հաջորդ թեկնածուն «Իշխան-Արարատ» ՍՊԸ նախագահ Ալեքսան Պողոսյանն է:
ՀՀԿ-ն այս ընտրություններում կսատարի Ռուդիկ Ղուկասյանին, ով 1996-1999թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետը:
Մնացած վեց թեկնածուներն անկուսակցական են` անհատ ձեռնարկատեր Նուշերվան Միքայելյանը, «Ռաֆ և Էլ» ՍՊԸ տնօրեն Արա Ռաֆիկի Սմբատյանը, Ռաֆիկ Սմբատյանը, «Արսեն» ՍՊԸ տնօրեն Վիգեն Քոչարյանը, անհատ ձեռնարկատեր Վարդգես Քոչարյանը, «Գրանգո-Շին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Պետրոսյանը:
Պարզվում է, որ թեկնածուներ Արա Սմբատյանն ու Ռաֆիկ Սմբատյանը հայր ու որդի են: «Ըստ էության դա որոշակի քայլ է, բայց բնական է, որ երկուսով էլ մինչև վերջ չեն մնա, նրանցից մեկը պայքարից դուրս կգա»,-ասաց թիվ 23 ԸԸՀ նախագահ Կարեն Լևոնյանը:
Քոչարյան թեկնածուները ազգակիցներ չեն: Անկուսակցական բոլոր թեկնածուներն էլ ինքնառաջադրված են:
Panorama.am-ին թիվ 23 ԸԸՀ նախագահ Կարեն Լևոնյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ թեկնածուներից որևէ մեկը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:
Նշենք, որ թեկնածուների գրանցումը կատարվում է օգոստոսի 24-29-ը: Քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 5-ից, կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Թեկնածուները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 18:00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան