Իռլանդական թերթը Իլհամ Ալիևին «դաժան բռնապետ» է անվանել
Իռլանդական «Irish Independent» թերթն իր «Ժոզեֆինան և դիկտատորը» վերնագրով հոդվածում խստորեն քննադատել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և մարդու իրավունքների, խոսքի ազատության, կոռուպցիայի մեծ չափերի պատճառով Ադրբեջանն անվանել վտանգավոր երկիր:
«Ազադլիգը» գրում է, որ իռլանդական թերթի հոդվածը սկսում է Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում Իռլանդիան ներկայացրած Ջեդվարդ եղբայրների քննադատությամբ այն բանի համար, որ նրանք աչք են փակել «բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումների վրա»:
«Նավթով հարուստ միջինասիական այդ երկիրը հայտնի է իր խնդրահարույց հեղինակությամբ: Խեղճ Ջեդվալները աչք փակեցին Իլհամ Ալիևի կողմից երկրում իրագործվող բռնաճնշումների վրա: Ադրբեջանը լավ երկիր չէ: 2003 թ-ին հորից` Հեյդար Ալիևից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող Ադրբեջանը խեղդվում է կոռուպցիայի մեջ: ԽՍՀՄ նախկին ղեկավար Գորբաչովը կոռուպցիոն գործունեության համար 1980-ականներին Հեյդար Ալիևին հեռացրել էր զբաղեցրած պաշտոններից: Ինչպես նշվում է «Human Rights Watch» կազմակերպության զեկույցում, Ալիևի ռեժիմի օրոք Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը սարսափելի վատ է: 2008 թ-ին կեղծարարություններով նախագահ վերընտրված Իլհամ Ալիևի օրոք 2010 թ-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները շատ ու շատ հեռու էին միջազգային չափանիշներից: Ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չընդգրկվեց խորհրդարանում: Իլհամ Ալիևը կեղտոտ փողերի հաշվին հարստացած ֆեոդալական կայսրության հիմնադիրն է», -գրում է թերթը:
Թերթն անդրադարձել է նաև Ադրբեջանի իշխող ընտանիքի բիզնես գործունեությանը` նշելով, որ կոռուպցիայի մակարդակով, համաձայն «Amnesty Internatinal» կազմակերպության զեկույցի, աշխարհի 183 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 143-րդ տեղը: «Ադրբեջանի իշխող ընտանիքը երկրի ներսում և արտասահմանում բազմաթիվ ընկերությունների, բանկերի սեփականատեր է: Գործնական արդյունքն այն է, որ Ադրբեջանում իրավիճակը սարսափեցնող է: Նրա ղեկավարն, ամեն օր ուժեղանալով, վերածվում է վտանգի», -նշել է թերթը:
Պարբերականը քննադատել է նաև Իռլանդիայի հարկային հանձնաժողովի նախագահ Ժոզեֆինա Ֆիլիին` Բաքվում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի Մաքսային ղեկավարների կոնֆերանսին մասնակցության շրջանակում «դաժան բռնապետ» Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար և տարակուսանք հայտնել, թե ինչի մասին կարող էր խոսել իռլանդացի բարձրաստիճան պաշտոնյան բռնապետ Ալիևի հետ:
«Ժոզեֆինա Ֆիլին չպետք է հանդիպեր Իլհամ Ալիևի հետ: Նման յուրաքանչյուր հանդիպում քաղաքական կապիտալ է բերում ռեպրեսիվ ռեժիմին: Հույս ունենանք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունն առաջիկա ամիսներին այցեր չի ծրագրել Սիրիա կամ Հյուսիսային Կորեա: Չինովնիկները զուրկ են քաղաքական գործիչների ունեցած կենցաղային ինստինկտից: Նրանց չի կարելի թողնել ինքնուրույն գործել», -ընդգծում է իռլանդական թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա