«Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և Ընթերցարան 2 դասագրքերի փորձնական օրինակների շնորհանդեսն է եղել
«Զանգակ» հրատարակչության գրատանն այսօր տեղի է ունեցել Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը: Դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ներկայումս տարբեր երկրներում աշխարհասփյուռ հայությունը խոսում է արևմտահայերենի տարբեր տարատեսակներով, ուղղագրական և ուղղախոսական նկատելի կամայականություններով: Երևույթն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այսպիսով հայությունն աստիճանաբար հեռանում է դասական արևմտահայերենի սահմաններից, առաջանում է լեզվի պահպանման լրջագույն խնդիր: Նշված հանգամանքների գիտակցումը առիթ է հանդիսացել , որպեսզի ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարականով սկիզբ դրվի միասնական արևմտահայերենի հիմքով դասագրքերի ստեղծմանը:
Դասագրքերի շնորհանդեսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշել է . «Դարեր շարունակ պետականությունից զուրկ տարածքում գործելով արևմտահայերենը, սփյուռքյան կազմակերպությունների, անհատների ջանքերով է պահպանվել ու փոխանցվել սերնդեսերունդ: Ժամանակի ընթացքում ստեղծվել են դասագրքեր: Սակայն անկախության ձեռքբերումից ի վեր մեր լեզվի կարևորագույն ճյուղերից մեկը պետք է լիներ պետության ուշադրության կենտրոնում: 2010 թվականին Ծաղկաձորում կայացած «Արևմտահայերենի ուսուցման հիմնախնդիրները Սփյուռքում» գիտագործնական համաժողովին ընթացքում առաջադրված հիմնախնդիրների, Սփյուռքում տիրող իրավիճակի քննարկման արդյունքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ պատասխանատվություն վերցրեց ստեղծել դասագրքերը»:
Նախարարը հավելել է, որ միասնական դասագրքի լույսընծայումը բնավ չի ենթադրում պարտադրանք, որ բոլոր դպրոցները պետք է անցնեն այս դասագրքերի կիրառմանը: Նորաստեղծ դասագրքերը ստեղծված են արևմտահայերենի միևնույն քերականական, ուղղագրական և ուղղախոսական սկզբունքների նույնականացմամբ:
Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները: Փորձնական դասագրքերն արդեն իսկ առաքվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ: Փորձարկումից հետո ի մի կբերվեն բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Աշխատանքային հանձնախումբն ու մասնագետները հաշվի կառնեն դրանք դասագրքերի վերջնական տարբերակների հրատարակումը պատրաստելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան