Ֆինանսների և սոցապ նախարարները վստահեցնում են՝ 2013թ-ի հունվարի 1-ից աշխատողները աշխատավարձի նվազում չեն ունենա
2013թ. հունվարի 1-ից գործողության մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ պարտադիր սոցիալական վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ և կներկայացվի ընդամենը մեկ հաշվետվություն: Սակայն ներդրվելիք փոփոխությունները քաղաքացիների շրջանում դժգոհություններ են առաջացրել: Մասնավորապես, շատերը կարծում են , որ եկամուտների հարկման նոր համակարգի միջոցով աշխատող քաղաքացիները եկամտի կորուստ կունենան:
Թեմայի վերաբերյալ այսօր պարզաբանում տվեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք ներկայացրեցին նոր համակարգը:
Վ.Գաբրիելյանը նշեց, որ այդ հարցը երկար ժամանակ քննարկվել է թե կառավարությունում, թե ԱԺ-ում: «Անճշտություն է, որ աշխատողների աշխատավարձը նվազելու է: Մենք երկարատև քննարկել ենք այդ հարցը, թե ինչպես պետք է անել, որ աշխատողների իրական եկամուտները չպակասեն»,- ասաց նա:
Ֆինանսների նախարարի խոսքերով՝ այս տարի կառավարության որոշում է ընդունվել, որի համաձայն սահմանվել է կարգ, թե հաշվարկներն ինչպիսին պետք է լինեն: Ըստ նրա՝ եթե գործատուն որոշի աշխատակիցների համար ավելի քիչ գումար վճարել, ապա ակնհայտ է, որ նա պետք է ավելի քիչ հարկ մուծի, իսկ այդ դեպքում խնդիր է ունենալու հարկային մարմինների հետ: «Այսինքն՝ օրենքը պարտադրում է, որ աշխատավարձի իջեցում չի լինի: Բացի այդ, չկա որևէ գործատու Հայաստանում, որը հարկերը ճիշտ նույն չափով վճարելուց հետո կորոշի աշխատակցին ավելի քիչ գումար վճարել»,- ընդգծեց Վ.Գաբրիելյանը:
Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում խնդիր է դրված օպտիմալացնել այն բոլոր հաշվետվությունները, որոնք ներկայացնում են գործատուները: Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում միավորվել է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Այս փոփոխություններից ենթադրվում է, որ 2013 թ. hունվարից 1-ից պարտադիր սոցիալական վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ և կներկայացվի ընդամենը մեկ հաշվետվություն: Սակայն այդ հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ա.Ասատրյանը ևս բացառեց, որ նոր կարգի համաձայն վճարված հարկն ավելի քիչ կլինի, իսկ աշխատողի եկամուտը ավելի պակաս:
Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերից լայնածավալ իրազեկում է իրականացվելու շուրջ 70 հազար գործատուների շրջանում:
Ա.Ասատրյանը նաև կոնկրետ օրինակով ներկայացրեց , թե, ենթադրենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը հարկերի պահումից հետո որքան մաքուր աշխատավարձ է ստանում այսօր և որքան կստանա նոր կարգի կիրառման դեպքում: «Եթե 100 հազար դրամ էր վճարվում որպես աշխատավարձ, գործատուից գանձվում էր 19 հազար դրամ սոցիալական վճար, միաժամանակ վարձու աշխատողի աշխատավարձից՝ 3 հազար դրամ և 6450 դրամ եկամտահարկ: Այսինքն` 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի փաստացի եկամուտը կազմում է 90550 դրամ: Իսկ 2013-ից 775 դրամով գործատուն պետք է ավելացնի աշխատողի աշխատավարձը, որպեսզի դրանից պահվի եկամտային մեկ հարկ, և փաստացի եկամուտը վարձու աշխատողից կազմի նորից 90550 դրամ»,- ասաց Ա.Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները