Երևանը և Ստեփանակերտը կարող են բարեփոխել Հարավային Կովկասը
«Голос Армении» թերթում, անդրադառնալով թուրք պատգամավոր, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Turksam) Սինան Օհանի` Բաքու կատարած այցի ժամանակ այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան թույլ չի տա, որ Ռուսաստանը օգնի Հայաստանին` քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը գրում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Իրանի և Ռուսաստանի անվտանգության խաթարմանը, ինչն էլ յուրօրինակ իրավիճակ է ստեղծում, որում հնարավոր է հենց պաշտոնական Երևանը ստիպված լինի համոզել Մոսկվային և Թեհրանին` համարժեք քայլեր չկիրառել Ադրբեջանի նկատմամբ: Հայկական բանակը ոչ միայն ի վիճակի է ջախջախել և Քուռ գետից այն կողմ շպրտել ագրեսորին, այլև` ապահովել Ռուսաստանի և Իրանի շահերը Հարավային Կովկասում: Ինչպես նշում է քաղաքագետը` Իրանի և Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում համընկնում է. այս երկու տերություններն էլ ցանկանում են տեսնել Հարավային Կովկասը որպես թմրանյութերի թրաֆիքինգից ազատ, ապահով տնտեսական գործընկեր, այլ ոչ` որպես թշնամական էլեմենտ, ինչպիսին այն այսօր է` շնորհիվ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի` Հարավային Կովկասը նման ապահով պլատֆորմ կարող են դարձնել միմիայն հայկական պետությունները, որոնք Հարավային Կովկասում պանթյուրքիզմի տարածման գլխավոր խոչընդոտն են, ուստի Ռուսաստանի ռազմավարական շահերի կողմից թելադրվող թիվ մեկ խնդիրն է` թույլ չտալ Թուրքիային խառնվել ԼՂ հակամարտության հարցում և սաստել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: