Լ.Ալավերդյան. Հունգարական օրենսդրության համաձայն Սաֆարովի հանցագործությունը էքստրադիցիայի հնարավորություն չի նախատեսում
Վերջին շրջանում Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ արշավի ակտիվացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:
Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
-Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում է Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան հնարավոր էքստրադիցիայի հարցը: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկվեն հայկական կողմից այս ամենի հետ կապված:
-Նախևառաջ հստակեցնեմ, որ պաշտոնական առումով Հունգարիային դեռ չեն դիմել, որպեսզի պաշտոնական մակարդակով էլ պատասխան ստանան, թե արդյո՞ք առկա է Ադրբեջան-Հունգարիա միջպետական գործընթաց` Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի համար: Վաղնևեթ, երբ կլինի մամլո ասուլիսը, մենք դիմումով կդիմենք պետական կառույցներին, այդ թվում և Պաշտպանության նախարարությանը, և արտգործնախարարությանը և արդարադատության նախարարությանը, որպեսզի ճշտվի տարածված այդ տեղեկատվության իսկությունը, քանի որ մենք խնդիր ունենք` հստակեցնելու արդյոք դա տեղի է ունեցել:
Երկրորդ. Դատական գործընթացի ժամանակ տուժած կողմի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը հստակեցրել էր, որ հունգարական օրենսդրությամբ այդ տիպի հանցագործությունները, ինչպիսիք է Ռամիլ Սաֆարովինը, ունեն այնպիսի խիստ սահմանափակումներ, որոնք էքստրադիցիա չեն նախատեսում:
-Հունգարական կողմի պատասխանը ստանալուց հետո ի՞նչ քայլեր են սպասելի:
-Այն բանից հետո, ինչ Հունգարիայից կստացվի միանշանակ պատասխան, առաջին հերթին քայլեր պետք է ձեռնարկեն պետական մարմինները, իսկ քաղաքացիական հասարակությունն իր վրա կստանձնի միջազգային հանրությանն ու կառույցներին այս ամենի մասին տեղյակ պահելու գործառույթը` մատնանշելով, որ ընդունելի չէ, որ Հունգարիան, երբ ԵԽ համապատասխան հանձնաժողովները քննադատում են Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը, այսօր գնա այլ ճանապարհով:
Նախորդիվ`
Երթ Եռաբլուր. Գուրգեն Մարգարյանի կացնահարությունից 8 տարի է անցել