Նախարար. 12-ամյա կրթությունն այլընտրանք չունի
12-ամյա կրթությունը Հայաստանի կրթական համակարգում այլընտրանք չունի, իսկ բոլոր այն խոսակցությունները, թե նորից անցնելու են 11-ամյա կամ 10-ամյա կրթական համակարգի, անհիմն են: ՀՀ մարզերի ու Երևանի ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Իհարկե, չեմ կարող հայտարարել, թե 12-ամյա կրթությունը Հայաստանում կայացել է: Մենք ձեզ հետ փորձարկման ռեժիմում ենք գտնվում ,- ասաց նախարարն ու նշեց, որ բոլորով միասին պետք է աշխատեն 12-ամյա կրթության որակը բարելավելու համար.
«Մենք հետևողական աշխատանք պետք է տանենք առարկայական ծրագրերի, դասագրքերի, դասավանդման մեթոդների, գնահատման համակարգի բարելավման ուղղությամբ»:
Ա. Աշոտյանի խոսքով, ԿԳՆ անմիջական հսկողության տակ ու տնօրենների պարտավորությունների դաշտում է գտնվում կրթական գործընթացի կազմակերպման օրինականությունը: «Շատ խիստ ենք վարվելու բոլոր այն տնօրենների հետ, որոնց դպրոցներում կհայտնաբերենք կրթական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրներ»,- տնօրեններին դիմելով ասաց նախարարն ու զգուշացրեց, որ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի ավագ դպրոցներում իրականացվելու է մշտական մոնիթորինգ, այսինքն` նախարարության աշխատակիցները կարող են պատահական այցելել որևէ դպրոց ու հետևել աշխատանքին:
«Երեխաների հաճախումների հետ կապված կեղծ տվյալների հայտնաբերման դեպքում տնօրենը շատ արագ ազատվելու է աշխատանքից»,- ընդգծեց կրթության ոլորտի պատասխանատուն:
Արմեն Աշոտյանն իր խոսքի վերջում նշեց. «Վերջին տարիներին մենք ձեզ հետ միասին մշտական փոփոխությունների հորձանուտում ենք գտնվում: Բայց եթե նոր բան չանենք, առաջընթացի հույս ունենալ չենք կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան