Հայ աղջկան ինքնասպանության հասցրած թուրք եղբայրները ազատ են արձակվել
Ստամբուլում ինքնասպանություն գործած հայ աղջկա գործով մեղադրյալ թուրք եղբայրները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Հայաստանից Թուրքիա մեկնած 24-ամյա Նարինե Մկրտչյանը, թուրք եղբայրներ Բարըշ և Օրհան Օքումուշների սեռական շանտաժի զոհը դառնալով, փետրվարի 28-ին ինքնասպան էր եղել:
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` օրերս Ստամբուլի առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել վերոնշյալ գործով հերթական դատալսումը, որին ներկա է գտվել նաև Նարինեի մայրը` Նունե Մկրտչյանը:
Վերջինս իր վկայությունում պատմել է, որ Նարինեն զանգում էր իրեն ու պատմում, որ թուրք եղբայրները մերկ նկարահանել են իրեն ու շանտաժի են ենթարկում: Նարինեի հետ նույն արհեստանոցում աշխատող թուրք գործընկերները նույնպես պատմել են, որ Նարինեն շանտաժի զոհ էր դարձել և ասել է նրանց, որ ինքնասպանություն է գործելու: Գործընկերները պատմել են, որ իրենք ամեն կերպ փորձել են Նարինեի հետ պահել նման արարքից:
Ըստ աղբյուրի`նիստի ավարտին դատավորը որոշում է կայացրել մեղադրյալի աթոռին նստած թուրք եղբայրներին ազատ արձակել և դատավորությունը շարունակել` վերջիններիս ազատության մեջ թողնելով:
Հիշեցնենք, որ Թուրքիա մեկնելուց կարճ ժամանակ անց Նարինե Մկրտչյանը սիրահարվել էր նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի: Վերջինս սեռական հարաբերության մեջ մտնելով աղջկա հետ, գաղտնի լուսանկարում է նրան մերկ վիճակում: Հետագայում օգտագործելով այս լուսանկարները Օրհան Օքումուշն իր եղբոր հետ սկսում է շանտաժի ենթարկել Նարինեին` պահանջելով խոշոր չափի գումար: Նրանք սպառնացել են այդ նկարները ցույց տալ Նարինե Մկրտչյանի եղբորը` Ժ. Մկրտչյանին, ապա տեղադրել համացանցում: Այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել է կատարել եղբայրների պահանջը, նրանք այդ նկարներն, հիշողության քարտի միջոցով փոխանցել են Նարինեի եղբորը: Որից հետո Ժ.Մկրտչյանը վերադարձել է տուն ու ծեծի ենթարկել քրոջը: Եվ երբ Ժ. Մկրտչյանը դուրս է եկել սենյակից Նարինեն կուլ է տվել այդ հիշողության քարտը: Ըստ աղբյուրի` եղբայրների սպառնալիքները շարունակվել են նաև հետագա օրերին: Եվ Նարինեն չկարողանալով գտնել թուրք եղբայրների պահանջած գումարը, թույն է խմում և վերջ տալիս իր կյանքին: