Թուրքական կազմակերպությունները` ընդդեմ Ֆրանսիայի որոշման
Ֆրանսիայում նոր ուստարում Հայոց ցեղասպանության թեման դասագրքերի մեջ ներառելու փաստը առաջացրել է Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների դժգոհությունը: Տեղեկացնում է «Սոնդաքիքա»(Sondakika) թուրքական լրատվական կայքը:
Ֆրանսիայում գործող թուրքական կազմակերպությունները, հայտարարելով, որ դա իրենց համար անընդունելի է, կոչ են արել Հոլանդի վարչակարգին զբաղվել այս հարցով: Իսկ Շվեցարիայի Սբ. Լուի ֆրանս-թուրքական բարեկամության խմբի նախագահ Ջավիթ Քութլուն ասել է. «Որպես թուրքական համայնք պետք է հավաքվենք և մտածենք, թե ինչ պետք է անել»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կրթության նախարարության որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում:
Դասագրքերում տեղ գտած «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնում տեղեկություններ են տրվում Ցեղասպանության, Օսմանյան կայսրության էթնիկ կառուցվածքի, Թալեաթ փաշայի և այդ ժամանակվա ազգայնամոլ թուրքերի քաղաքականության, կանխամտածված աքսորի, աքսորի ընթացքում մարդկանց կրած զրկանքների և 1915թ.-ից առաջ ու հետո սպանված հայերի մասին:
Որոշ դասագրքերում կան նաև Օսմանյան կայսրության քարտեզներ, որոնց վրա սլաքներով ցույց է տվում, թե հայերը որ շրջաններից դեպի ուր են աքսորվել և թե որտեղ են զանգվածաբար կոտորվել: