«Ժառանգությունը» պահանջում է Վահե Ավետյանի ու Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրություն իրականացնել
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանձնաժողովի խնդիրներն են`
1. 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
2. 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,
3. գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագոծությունների վերաբերյալ ուսումնասիրությունը: