«Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների միամսյակին կմասնակցեն ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ
ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարականով սեպտեմբերի 1-ից` ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձր մակարդակի պահպանման նպատակով կազմակերպվող «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումները կտևեն ոչ թե 10 օր, ինչպես անցած տարի էր, այլ` ուղիղ մեկ ամիս:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, հատուկ միջոցառումների ժամկետի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ, ըստ ուսումնասիրությունների` 10-օրյա աշխատանքները չեն բավականացնում երեխաներին` ամառային հանգստից հետո միանգամից անցնելու դպրոցական կարգուկանոնի:
«Այս մասին է վկայում նաև նախորդ տարվա վիճակագրությունը: Եթե ուսումնական տարվա առաջին տասնօրյակում ՀՀ ողջ տարածքում արձանագրվել է ճանապարհային 6 պատահար՝ 6 վիրավորով, որոնց մասնակից էին դարձել դպրոցահասակ երեխաներ, ապա 10-օրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը միանգամից կրկնապատկվել է և մյուս 20 օրվա ընթացքում գրանցվել է 25 պատահար՝ 1 զոհով և 25 վիրավորով»,- պարզաբանեց նա:
Ն.Սարգսյանը նշեց, որ միամսյակին ճանապարհային ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 15-ից: «Ուսումնասիրվել է բոլոր դպրոցների տեղանքը, գծանշումների պակասը լրացվել է: Միայն մայրաքաղաքում 40 դպրոցների մոտ համապատասխան նշաններ են ավելացվել, գծանշումները թարմացվել են»,- ասաց նա և հավելեց, խոսքը գնում է միայն Երևանի մասին, քանի որ մայրաքաղաքի համար անմիջական պատասխանատվություն է կրում ճանապարհային ոստիկանությունը, բայց մարզերում ևս համապատասխան նախապատրաստական աշխատանքներ են տարվել, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում և այլ խոշոր քաղաքներում:
Ըստ բանախոսի` «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի բոլոր դպրոցների տնօրենների հետ, նրանց առաջարկություններն ընդգրկվել են կազմակերպվելիք միջոցառումների ցանկում:
ՃՈ ՃՊԾ պետը հետիոտներին կրկին կոչ է անում քայլել միայն մայթերով, հետևել լուսացույցներին, իսկ ուսուցիչներին հորդորում է երեխաների մեջ զարգացնել երթևեկության կանոնները պահպանելու մշակույթը։ Վարորդներին ոստիկանության գնդապետը զգուշացնում է այս օրերին լինել առավել զգոն, հատկապես դպրոցների կողքով անցնելիս:
Նորիկ Սարգսյանը հատուկ կոչով դիմեց նաև այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին ճանապարհելու են ավտոմեքենայով և հորդորեց վերջինս չկայանել դպրոցի դիմաց և խափանել երթևեկությունը:
«Մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներից պահանջում ենք երեխային իջացնելուց հետո ազատեն բանուկ մասը»,-ասաց նա և վստահեցրեց, որ որևէ կարգազանց վարորդ անպատիժ չի մնա: Նա հայտնեց, որ ոստիկանության պարեկային խմբերը պարեկություն են իրականացնելու դպրոցի շրջակայքում ամբողջ օրը, բայց առավել մեծ ուշադրություն է դարձվելու 8:00-9:00 և 11:30-13:00 ժամանակահատվածներում:
«Կարգախմբերում լինելու են ոչ միայն ճանապարհային ոստիկաններ, այլ նաև` համայնքային ոստիկաններ, պարեկապահակային ծառայողներ և անչափահասների գծով տեսուչներ», -հայտնեց ոստիկանության գնդապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան