1-4-րդ դասանների 6920 աշակերտներ ստացել են պայուսակներ և գրենական պիտույքներ
Սեպտեմբեր 1-ին ընդառաջ այսօր տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկին, ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնահատմամբ` օգոստոսյան խորհրդակցությունը լավ առիթ է ամփոփելու կրթության ոլորտում արձանագրած արդյունքներն ու քննարկելու նոր ուսումնական տարվա անելիքները.
«Անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված բավականին մեծ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք զգալի ձեռքբերումներ, սակայն անելիքները ևս դեռ շատ են, ուստի պահանջվում է համատեղ օր ու գիշեր աշխատանք: Ձեռք բերված հաջողությունները արդյունք են նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ արդյունավետ աշխատանքի: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լինելու է շարունակական և մենք կարողանալու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին համատեղ լուծում տալ: Ձեզ վստահված աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում ապագա սերնդի հայեցի դաստիարակաման ու պետության արժանի քաղաքացի կրթելու գործում: Վստահ եմ նաև, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կունենանք կիրթ և գրագետ սերունդ»,- իր խոսքում շեշտել է քաղաքապետը:
Այնուհետ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011-2012թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:
Մասնավորապես, որպես անցած ուսումնական տարվա կարևորագույն ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաև մի շարք բարեփոխումներ: Զեկույցի համաձայն, քաղաքապետի հանձնարարությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1028 աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել մայրաքաղաքի 33 դպրոցում, որտեղ նրանց համար ապահովվել են համապատասխան պայմաններ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով։
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասանների 6920 աշակերտներ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ստացել են պայուսակներ, գրենական պիտույքներ։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությունից հետո Տ.Մարգարյանն ու նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ, որտեղ լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան