Արմեն Սողոյան. 2020թ-ին դեպրեսիան լինելու է աշխարհում ամենատարածված հոգեկան խանգարումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդ տառապում է հոգեբուժական հիվանդություններով, և իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունենում է այս կամ այն տեսակի հոգեկան խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշեց, որ Հայաստանի հոգեբուժական հաստատություններում հաշվառված է 50 հազար մարդ։ Այդուհանդերձ, ըստ Սողոյանի, հոգեկան խանգարումներ կամ հոգեկան խնդիրներ ունեցողների թիվն իրականում ավելի շատ է, քան հաշվառված են: «Կյանքի արագացող տեմպը հնարավոր չէ, որ շատերի մոտ չառաջացնի որոշակի հոգեկան խնդիրներ»,- ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:
Ըստ Ա.Սողոյանի՝ ամբողջ աշխարհում հոգեկան խանգարում ունեցողների աճի միտում կա. կանխատեսվում է, որ 2020թ-ին դեպրեսիան լինելու է աշխարհում ամենատարածված հոգեկան խանգարումը և այն հայտնվելու է հաշմանդամություն առաջացնող պատճառների ամենավերին հորիզոնականում: «Նկատվում է, որ ոչ միայն դեպրեսիաները, այլև շատ հոգեկան խանգարումներ ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերում»,- ընդգծեց նա:
Նա նշեց նաև, որ վերջին տարիներին հասարակական վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ մեծ փոփոխության է ենթարկվել: «Հասարակության վերաբերմունքն այսօր ավելի շատ հասկացողի վերաբերմունք է, քան ծաղրողի»,- ասաց Ս.Սողոյանը՝ հավելելով, որ այսօր հանրակրթական դպրոցներում կիրառվում է ներառական կրթությունը, որի շնորհիվ երեխաներին վաղ տարիքից սովորեցնում են ինչպես շփվել առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ: Այսինքն, ըստ նրա, անցած քսան տարիների հետ համեմատած այս ուղղությամբ կան շատ լուրջ դրական փոփոխություններ:
Ա. Սողոյանը նաև ընդգծեց, որ հոգեբուժական ծառայություններից օգտվողների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի է շատացել, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ ունեն նախապաշարմունք և չեն դիմում բժշկի:
Անդրադառնալով այս խնդրին, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նկատեց, որ եթե որևէ մեկի ատամը ցավի, կամ սրտանոթային խնդիրներ ունենա, ապա կդիմի բժշկի, իսկ եթե տրամադրությունն այնպիսին չէ, ինչպես առաջ, կամ ունի կպչուն մտքեր, ապա կարծում է, որ տվյալ անձը երբեք չի դիմի հոգեբանի: Այդյունքում, ըստ նրա, սթրեսային վիճակն ավելի կխորանա:
Ինչ վերաբերում է սթրեսների տեսակներին, ապա Խ.Գասպարյանը նշեց, որ կա սթրեսի առողջ և անառողջ կառավարում: Առողջ կառավարման մեջ մտնում է այն, որ մարդիկ սկսում են սպորտով զբաղվել, արվեստի կենտորններ են հաճախում, իսկ անառողջն այն է, որ սկսում են ծխել, խմել, թմրանյութեր օգտագործել, անգամ՝ շատ ուտել:
Հարցին, թե Հայաստանում սթրեսային որ խանգարումներն են առավել շատ տարածված, Խ. Գասպարյանը նշեց, որ կպչուն, սևեռուն մտքերի նևրոզը և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները Հայաստանում ամենահաճախ հանդիպող հոգեկան առողջության խնդիրներն են: Հետաքրքիր է, որ կպչուն, սևեռուն մտքերի նևրոզը տարածված է նաև Իսրայելում: «Կպչուն, սևեռուն մտքերը կարող են նաև ուղեկցվել կպչուն, սևեռուն գործողություններով,- բացատրում է Խաչիկ Գասպարյանը:- Մարդիկ կան, որ չափից ավելի շատ լվացվում են, մարդիկ, ովքեր մտքում անընդհատ հաշվում են, մարդիկ, ովքեր ավելորդ իրեր են հավաքում: Ընդ որում` այս ամենն անում են առանց գիտակցելու, չհասկանալով պատճառը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում