Ահմադինեժադ. ԼՂ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումն անփոփոխ է
Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշել է անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և շնորհավորել Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու և կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարևորել են երկու երկրների միջև զարգացող համագործակցությունը, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն և խաղաղ բանակցությունների միջոցով:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Նախարարները անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Նախորդող հրապարակում` «Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները