Թուրքիան Անին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցանկում ներգրավելու նախնական ցուցակում
Թուրքիան Անին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցանկում ներգրավելու նախնական ցուցակում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է այդ ցուցակը, որի մեջ ընդգրկված է 35 հուշարձան: Իսկ թե, երբ Անին կընդգրկվի արդեն վերջնական ցուցակում, պարզ կդառնա առաջիկա տարիների ընթացքում: Այս մասին ասուլիսում ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը` ընդգծելով, որ Անին այդ ցանկում ներկայացված է որպես հայկական:
Նա նշեց, որ այժմ Անի քաղաքում սկսվել են վերականգնողական աշխատանքներ: Սկզբում որոշակի թերություններով էին ընթանում վերականգնումները, ինչը հիմք հանդիսացավ, որ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը միջազգային լծակները օգտագործի, որպեսզի վերականգնման ժամանակ խորհրդակցեն հայ մասնագետների հետ` թերությունները բացառելու համար:
Գ. Գյուրջյանն ասաց, որ նախորդ տարի ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ գլխավոր ասամբլեայի ժամանակ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը ներկայացրել է մի բանաձև, ըստ որի Անիի Ամենափրկիչ եկեղեցու և Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներում ընդգրկել միջազգային փորձագետներ, որոնց թվում լինեն նաև հայ մասնագետներ: Ըստ նրա, թուրքական պատվիրակությունն ընդվզել է, սակայն ընդհանուր ճնշման տակ ընդունվել է այդ որոշումը: Այժմ այդ խումբը ձևավորման փուլում է:
Նրա տեղեկացմամբ, Անիում այժմ վերանորոգվում է 4 հուշարձան. Մայր Տաճարն ու Ամենափրկիչը մի ծրագրի շրջանակներում է վերանորոգվում (Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ, Թուրքիայի մշակույթի նախարարություն), Աբուղամրեց եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցի, որն ավարտվել է նախորդ տարի:
Իսկ ինչո՞ւ է Թուրքիան սկսել վերջին տարիներին վերանորոգել հայկական հուշարձանները հարցին նա պատասխանց. «Իմ կարծիքով, ամեն երկիր իր քաղաքական նպատակներ է հետապնդում: Թուրքիան ունի իր քաղաքական նպատակները, ու եթե իր նպատակներին հասնելու համար ուզում է վերանորոգել հայկական հուշարձանները կամ պահպանել հայկական ժառանգությունը, պետք է օգտվենք այդ հնարավորությունից»,- ասաց Գ. Գյուրջյանը: