Ալիևի վարչակազմը խոստովանել է, որ հունգարական կողմի հետ գաղտնի բանակցություններ է վարել
Այն բանից հետո, երբ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջացնի հանցագործ Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան և ազատ արձակվեց, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը «Newtimes.az» կայքին տված հարցազրույցում խոստովանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն գաղտնի բանակցություններ է վարել հունգարական կողմի հետ:
«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու քայլերն իրականացվել են գաղտնի: Համարյա մեկ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խիստ վերահսկողության ներքո գաղտնի բանակցություններ ու նամակագրություն էր ընթանում, այդ թվում` Հունգարիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս հարցում վճռական դեր է խաղացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի` Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը: Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան է վերադարձել Ադրբեջանի նախագահի վճռականության ու կամքի շնորհիվ»,- հայտարարել է Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Միջադեպը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հունգարական դատարանը հանցագործին մեղսունակ էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան