ՀԱԿ-ը կարող է անակնկալ մատուցել ժողովրդին` Ստեփան Դեմիրճյանի տեսքով
«Հայ ազգային կոնգրեսը կարող է նախագահական ընտրություններից առաջ անակնկալ մատուցել հայ հանրությանը և նախագահի թեկնածու առաջադրել մի մարդու, ում անունը դեռևս չի շրջանառվում: Խոսքը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մասին է:
…ՀԱԿ ակտիվի մի զգալի մասը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում առաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը` համարելով, որ դա Կոնգրեսի փրկության միակ հնարավորությունն է: Բայց Տեր-Պետրոսյանը կարծես թե մտադիր չէ տեղի տալ այդ ճնշումներին, մանավանդ որ հասկանում է, թե այս անգամ արդյունքներն ինչքան կարող են տարբեր լինել 2008-ի արդյունքներից, և դժվար թե առաջադրվի միայն այն բանի համար, որ մի քանի հոգի ևս մի քանի տարի Կոնգրեսի անունից հարցազրույցներ տալու կամ հայտարարություններ անելու հնարավորություն ունենան»,- գրում է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով, այս պայմաններում բավական ակտիվացել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով մասնավոր այցով լինելով Մոսկվայում, այնտեղից վերադարձել է բավական ոգևորված: Նրա շրջապատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այնտեղ նրան հավաստիացրել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսի թեկնածուն լինելու է հենց ինքը, և խոստացել են համապատասխան նյութական և քաղաքական աջակցություն ցուցաբերել: Ռուսները սիրում են միաժամանակ օգնել և ընդդիմության, և իշխանության թեկնածուներին:
Թերթի աղբյուրները վստահեցնում են, որ Դեմիրճյանը, լինելով բավական նուրբ ինքնասիրության տեր անձնավորություն, վաղուց դուրս եկած կլիներ ՀԱԿ-ից, եթե չլիներ նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն լինելու հեռանկարը: «ՀԱԿ վերնախավն այսօր հետաքրքրված է բացառապես մի խնդրով՝ ինչպես անել, որ ՀԱԿ-ը չփլուզվի: Եթե հարցին մոտենում ենք այս տեսանկյունից, ապա Ստեփան Դեմիրճյանը կարող է կոնսենսուսային տարբերակ լինել, քանի որ ՀԱԿ-ի փլուզումը ձեռնտու չէ նաև նրան, նա ևս կգերադասի առաջիկա տարիներին հանդես գալ ՀԱԿ-ի, քան արդեն վաղուց մոռացության մատնված և ոչինչ չասող ՀԺԿ-ի անունից»,- գրում է «Հրապարակը»: