Հայկազ Խաչիկյան. Բոդոլը փախած է
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը երեկվա միջադեպն ավելի շատ կապում է ոչ թե առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ, այլ այն բանի, որ Սերոբ Տեր-Պողոսյանն ու նրա թիմը ցանկանում են իրենց վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ նախօրեին հարձակում էր եղել քաղաքապետի բնակարանի վրա, կրակոցներ են նաև արձակել: Ըստ Հայկազ Խաչիկյանի, կրակողը մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիչյանն է եղել (մականունը` Բոդոլ):
«Հաղորդում ներկայացրել եմ ոստիկանություն, նա հիմա փախուստի մեջ է»,-ասաց Խաչիկյանը հիշեցնելով, որ նույն անձը այս տարվա հունվարին էլ կրակել էր իր ոտքերի տակ: Խաչիկյանն ասաց, որ այն ժամանակ էլ Ա. Չիչյանը փախած է եղել, իրենք էլ ոստիկանություն հայտարարություն չեն տվել, քրեական գործ չի հարուցվել, անցել-գնացել է:
«Հիմա ընտրությունների հետ կապված եկել է, էն մյուս թեկնածուի կողքին կանգնել է, ինքը ամեն ինչ պետք է անի, որ իր թեկնածուն անցնի»,-ասաց քաղաքապետը, կրկին անգամ նշելով, որ դեպքն ավելի շատ կապում է վրիժառության հետ:
Նշենք, որ Ախթալայում սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում առաջադրված է երկու թեկնածխու` գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ում սատարում է ՀՀԿ-ն ու ինքնառաջադրված Սուրեն Թամազյանը, ում պաշտպանում է մանկապղծության համար անազատության մեջ գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանի թիմը:
Նախօրեի միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին հետևյալը.
«Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Նախորդող հրապարակում`
Լոռու մարզպետը Ախթալայի կոմբինատի վերաբերյալ հետևություններ հետո կանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա