Ն. Զոհրաբյան. Առաջնային խնդիրը միջազգային հանրությունն է, որը կաշառված է
«Այն, որ Ադրբեջանը Սաֆարովի դատավարության առաջին օրից իր ողջ եռանդն ու ֆինանսական հսկայական միջոցները ներդրել էր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու համար, բոլորիս համար ակնհայտ էր: Եվ ակնհայտ էր, որ Ադրբեջանում նրան անմիջապես ներում էր շնորհվելու, որովհետև Սաֆարովը, ցավոք սրտի, ազգի հերոս է»,- Panorama.am-ի հետ զրույցում ադրբեջանցի հանցագործի էքստրադիցիայի մասին լուրը այսպես մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը ընդամենը երկու օրինակ հիշեցրեց Ադրբեջանի պաշտոնական քարոզչության անցյալից. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սուլեյմանովը հայտարարել էր, թե` «Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար»: Իսկ մեջլիսի նախկին պատգամավոր Հաջիբելիի հայտարարությունը, թե` «Եթե մենք չկարողանանք հայերից պաշտպանել Ռ. Սաֆարովին, ապա Ղարաբաղը վերադարձնելու համար ոչ մի ադրբեջանցի այլևս պատերազմի չի գնա»: Այնպես որ, նշեց մեր զրուցակիցը, ակնհայտ էր, որ Ադրբեջանն այդ քայլին գնալու է.
«Ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ լրջագույն դեր են խաղացել թե' լոբինգը, թե' Ադրբեջանի նավթադոլարները, որովհետև Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն արդեն պաշարել է ողջ Եվրոպան` իրենց մարդու հիմնարար արժեքների հենք հռչակած Եվրոպայի խորհուրդ և այլն, և այս մասին այլևս պետք է բարձրաձայն ասվի» ,- ավելացրեց ԲՀԿ-ական գործիչը:
Նաիրա Զոհրաբյանի համար առաջնային խնդիրը միջազգային հանրությունն է, այն հանրությունը, որն այլևս բացահայտորեն կիրառում է երկակի ստանդարտներ.
«Խնդիրը այն եվրոպացի այն պատգամավորներն ու միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներն են, որոնց Ադրբեջանը կարողանում է գնել մի քանի տուփ խավիարով կամ նավթադոլարներով…» :
Հայաստանն անշուշտ անելիք ուներ` թե մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, թե տարատեսակ պատվիրակությունները և մենք, Ն.Զոհրաբյանի համոզմամբ` պետք է ոչ թե ԵԽԽՎ-ում երկու նստաշրջան մորատորիում հայտարարել , երբ Ադրբեջանը աշխարհի լուտտանքները թափում էր Հայաստանի ու հայերի գլխին, իսկ հայերն էլ արժանապատվորեն լռում էին, այլ պետք էր անընդհատ ու բարձրաձայն խոսվեր այն մասին, որ Եվրոպայի անդամ է մի երկիր, որտեղ մարդու իրավունքների մասին խոսելը զավեշտ է և որն իր սերունդներին դաստիարակում է հայատյացության խայտառակ օրինակներով: Եվ որ ԵԽ անդամ է մի երկիր, որտեղ հային սպանելը համարժեք է հերոսության.
«Այստեղ ես խնդիր ունեմ նաև մեր արտաքին գերատեսչության և դեսպանության հետ` ի՞նչ են արել նրանք իմանալով հանդերձ, որ Ադրբեջանն ամեն օր ու ամեն ժամ աշխատում է այդ ուղղությամբ… Սրանք հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է պատասխաններ ստանան: Բայց ես` որպես ԵԽԽՎ պատգամավոր, հոկտեմբերյան նստաշրջանում խոսելու եմ այդ մասին և բաց հայտարարելու եմ, որ միջազգային հանրությունը, տարբեր միջազգային կառույցներ ուղղակիորեն կաշառված են Ադրբեջանի կողմից»,- հավելեց Ն. Զոհրաբյանը:
Նշենք, որ ադրբեջանական կայքերն ու սոցիալական ցանցերը ողողված են Սաֆարովին Բաքվում դիմավորելու արարողության լուսանկարներով ու լուրերով (նրան ներում են շնորհել ու թանկարժեք նվերներ են անում): Իսկ Հայաստանի դեսպանությունը Հունգարիայի ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանին է սպասում…
Նախորդող հրապարակում` Հայաստանի դեսպանությունը Հունգարիայի ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանին է սպասում